Բրյուսովի համալսարանը կդիմի դատարան՝ մեղադրելով Կառավարությանը և ԿԳՄՍՆ-ին՝ անգործություն դրսևորելու մեջ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում երեք ամիս անց ձևավորվեց հոգաբարձուների խորհուրդ:
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետի, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մարտի 9-ի N 115-Ա հրամանով՝ հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը, որը կազմված է 3 անդամներից՝
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:
Համալսարանականները, սակայն, համաձայն չեն այս հրամանի հետ:
«Կարծում ենք, որ հոգաբարձուների նախկին խորհուրդն ապօրինի է լուծարվել, քանի որ խորհրդի նախագահի անունով չեն գրվել դիմումները: Հոգաբարձուների խորհրդում էլ չեն քննարկվել այդ դիմումները: Իսկ այս ամենը հակասում է «Հիմնադրամների մասին» օրենքին: Ուստի, պատրաստվում ենք դիմել դատարան՝ մեղադրելով Կառավարությանը և ԿԳՄՍՆ-ին՝ անգործություն դրսևորելու մեջ, որովհետև ժամանակին անցկացրել էինք հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրություններ, սակայն անհիմն պատճառով, իբր բողոք է եղել, չհաստատվեց: Հիմա հասան իրենց նպատակին, ձևավորվեց ժամանակավոր խորհուրդ։ Բողոքարկելու ենք Արդարադատության նախարարի հրամանը, որը հակասում է օրենսդրությանը, քանի որ եղել է հիմնադրի կողմից անգործության արդյունքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը:
Նա նշեց, որ տվյալ պահի դրությամբ ընդունում են փաստաթղթի գոյությունը, և թող ժամանակավոր ձևավորված խորհուրդը կատարի իր աշխատանքը, մինչև բողոքարկման արդյունքում կլինի դատարանի վճիռը:
Ցոլակ Ակոպյանն ընդգծեց՝ ձևավորված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդում ընդգրկված չեն ուսանողներ:
«Այսինքն, ոտնահարվում է նաև ուսանողի իրավունքը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը, որտեղ նշվում է, որ ուսանողները առնվազն 25 տոկոսով պետք է մասնակցեն բուհի կառավարմանը և այլն»,- նշեց ռեկտորի պարտականությունները կատարողը: