«Արցախի մասին Պուտինի, Նազարբաևի, Լուկաշենկոյի հավաստիացումը փաստաթղթին հակասում էր. Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը նախ հիշեցրեց 2021 թվականի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հետ զրույցներում, նշված երկրների ղեկավարները իրեն հավաստիացրել են՝ «Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»:

Լրագրողը հարցրեց Փաշինյանին՝ Դուք բանակցեցիք ձեր սեփական կետից, այդ ինչպե՞ս բանակցեցիք, որ տապալվեց ձեզ փոխանցված այդ իրավիճակը, երբ Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում:

«Ես ասել եմ՝ ես համաձայն եմ դրա հետ, եկեք ֆիքսենք, գրենք, և ես դրա տակ կստորագրեմ: Դուք մտածում եք, որ հարաբերությունները և կարգավորումները պետք է բանավոր հայտարարությունների հիման վրա լինե՞ն: Ես այդ հայտարարություններից հետո եկել, կարդացել եմ այն բանակցային թուղթը, որ սեղանին դրված է եղել, որը թողնվել է, ես այնտեղ հակառակն եմ տեսել: Այսինքն՝ ձեր վարկածը և պրետենզիան այն է, որ ես բանավոր խոսակցության հիման վրա պետք է ստորագրեի դրան հակասող գրավոր փաստաթո՞ւղթ:

Այդ բանավոր խոսակցությունից հետո ես վերադարձել, այդ փաստաթուղթը նորից կարդացել եմ, փաստաթուղթը 100 անգամ եմ կարդացել՝ պատերազմից առաջ, պատերազմից հետո…»,- պատասխանեց նա:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ անհասկանալի է մնում, թե իրավիճակն այդպե՞ս է եղել, ինչպես նշված երկրների ղեկավարները ներկայացրել են, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Եկեք ես մեր գործընկերներին չքննարկեմ, որովհետև կոռեկտ չի: Ես ի՞նչ եմ ասել, ասել եմ՝ շատ լավ, համաձա՛յն եմ, եկեք գրենք և ստորագրենք, հե՚նց հիմա: Ի՞նչն եմ սխալ ասել. Չի՛ եղել թուղթ, որտեղ այդ ամենն արտահայտված լինի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս