«Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը դադարեցվել է. առևտրականներին ասել են՝ սպասեք
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրությամբ հայտնեց, որ իրենց մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող Երևանի պահածոների գործարան («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերությունում, որի ընթացքում հայտնաբերվել են անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ:
«Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է ՀՀ, քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գործունեություն ծավալող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում տոնավաճառի աշխատակիցներից մեկը նշեց. «Ասել են՝ ինչ-որ հոսանքի լարերի հետ կապված խնդիր է: Այս պահին ասել են՝ գնացեք ձեր խանութներ, սպասեք. կգանք, ամեն ինչ կասենք»: