«Օրրան» բարեգործական կազմակերպությունն ահազանգում է հերթական ապօրինի կառուցապատման մասին. ՈւՂԻՂ

«Օրրան» բարեգործական կազմակերպությունն ահազանգում է՝ կազմակերպությանը հարակից տարածքում մեկնարկած ապօրինի կառուցապատման հետևանքով վտանգվում է «Օրրան»-ի շահառու երեխաների կյանքի, առողջության իրավունքը:

««Օրրանը» դեմ չէ կառուցապատմանը. դեմ ենք շինարարությանը, որն ապօրինի է,-  «Օրրան» բարեգործական կազմակերպությունում հրավիրված ասուլիսում անդրադառնալով խնդրին՝ նշեց կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը՝ պարզաբանմամբ,- Ըստ շինարարական նորմերի՝ շինարարությունը մեր շենքից 6-10 մետր հեռավորության վրա պետք է տեղի ունենա, իսկ փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ այն տեղի է ունենում 1.6 մետր հեռավորության վրա (չի ապահովվում ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» նորմի 150-րդ կետի և ՀՀՇՆ 30-01-2024 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի 439-րդ կետի պահանջները)»:

Արմինե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց՝ պատկան մարմիններին ուղղված նամակները մնացել են անարձագանք:

«Ե՛վ կառավարությանն ենք դիմել, և՛ քաղաքապետարանին, և՛ վերահսկողական մարմիններին, սակայն պատասխան ստացել ենք միայն քաղաքապետարանից. քաղաքապետարանը միայն պատասխանել է՝ կառուցողին տվել են շինթույլտվություն: Հարցը շինթույլտվությունը չէ. այդ շինթույլտվությունը քաղաքապետարանը տվել է անօրինական, քանի որ թույլտվությունը տրվել է 2.5 մետր հեռավորության վրա կառուցելու համար՝ մինչդեռ առնվազն 6 մետր հեռավորություն պետք է պահվի: Բայց նույնիսկ այդ տեղը, ուր վավերացրել է քաղաքապետարանը, կառուցապատողը այդտեղից էլ է շեղվել:

Կարդացեք նաև

Սա շատ լուրջ խախտում է նաև հակահրդեհային առումով, իսկ այստեղ ամեն օր գալիս են հարյուրավոր երեխաներ. պատկերացնո՞ւմ եք՝ եթե լինի հրդեհ, երկրաշարժ, բայց այս շինարարությունը փակել է մեր պատուհանները՝ ինչպե՞ս պետք է ապահովենք երեխաների կյանքի անվտանգությունը»,- մանրամասնեց նա:

Ի դեպ, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, Մակար Եկմալյան 6/3 հասցեում կառուցապատում իրականացնող ընկերությունը թույլտվությունը ստացել է 2022 թվականի հոկտեմբերին 21-ին:

«Իմ խնդրանքն է, որ քաղաքապետարանը չերկրարացնի այդ թույլտվությունը, և չշարունակվի այս ապօրինությունը»,- ասաց «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիրը:

«Օրրանը» կառուցվել է 2000 թվականին սփյուռքահայ նվիրատուների ներդրումներով  և տարիների ընթացքում հոգացել հազարավոր խոցելի ընտանիքների երեխաների և մեծահասակների կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս