«Մեր գյուղը սահմանամերձ է, ճանապարհահատվածի որոշ տեղամասեր թշնամու կողմից դիտարկվում են». Խոտ գյուղի վարչական ղեկավար

Նախորդ տարվա սեպտեմբերին նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը, քանի որ այն ՀՀ կառավարությունը ևս կառուցել է այնպես, որ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների նշանառության տակ։

Այլընտրանքային ճանապարհը թիրախավորելով ու թույլ չտալով այն օգտագործել՝ ադրբեջանական զինված ծառայողները մտադրված հումանիտար ու մեկուսացման խնդիրներ են առաջացնում Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի, խաղաղ բնակիչների համար»։

Բացի այն, որ Գորիս-Կապան ճանապարհը թշնամու զինված ուժերի ներկայացուցիչների կողմից զավթելուց հետո ստեղծված այլընտրանքային ճանապարհի որոշ հատվածներ թշնամու նշանառության տակ են գտնվում, այն անհարմար է նաև սովորական մեքենաների երթևեկության համար։

Սյունիքի մարզի տարբեր համայնքապետեր բարձրաձայնել են, որ ձյուն կամ անձրև գալուց հետո այդ ճանապարհներով, բացի ամենագնացներից, այլ մեքենաներ չեն կարողանա երթևեկել։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոտ գյուղի վարչական ղեկավար Մարտիրոս Գրիգորյանն ասաց, որ այս տարի այլընտրանքային ճանապարհի հետ կապված մեծ խնդիրների առջև չեն կանգնել, քանի որ ձյուն չի եկել։

«Այնպես է ստացվել, որ այս տարի ձյուն չի եկել, ամբողջ տարին կարողացել ենք առանց խնդիրների երթևեկել։ Հիմա շինարարություն են անում։ Եթե ձյուն գար, ապա որոշ մեքենաների համար մեծ խնդիրներ կստեղծվեր, ամենագնացները կանցնեին, բայց մարդատարները՝ ոչ։ Խոտի ճանապարհը միշտ էլ օգտագործվել է, բայց միայն գյուղացիների կողմից, այդ ճանապարհը տանում է դեպի մեր այգիներ։ Կապը Որոտան գյուղի հետ կրկին այդ ճանապարհով էր, այսինքն՝ մեր գյուղից Որոտան այդ ճանապարհով ենք գնացել»,- նշեց Մարտիրոս Գրիգորյանը։

Ըստ նրա, այլընտրանքային ճանապարհի դեպքում Խոտ գյուղից Գորիս, Կապան ճանապարհը չի երկարել։

«Հիմա ճանապարհը փորձում են լայնացնել, բարեկարգել։ Մեր գյուղը սահմանամերձ է, ճանապարհահատվածի որոշ տեղամասեր թշնամու կողմից դիտարկվում են, չնայած նախորդ տարվա սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով գյուղը վնասներ չէր կրել»,- հավելեց նա։

Թեպետ Խոտ գյուղի վարչական ղեկավարն ուրախ է, որ ձյուն չի եկել ու ճանապարհի առումով խնդիրներ չեն ստեղծվել, սակայն ափսոսում է, որ տեղումների բացակայության պատճառով գյուղատնտեսությունն է տուժում։

«Մեր հողերն անջրդի են, հույսը տեղումներն են, բայց այս տարի տեղումներ չկային, դաշտերի համար սա շատ վատ է։ Հիմնականում աշնանացան ենք արել, չգիտենք՝ տեղումների բացակայության պատճառով դաշտերը կկանաչե՞ն, թե՞ ոչ»,- եզրափակեց Մարտիրոս Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս