Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվեցին Չինաստանի միջնորդությամբ․ ինչո՞վ է կարևոր Հայաստանի համար

Իրանը և Սաուդյան Արաբիան, որոնք խզել էին դիվանագիտական ​​հարաբերությունները 2016 թվականին, երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների միջև Չինաստանում կայացած բանակցություններից հետո հայտարարեցին դրանց մոտալուտ վերականգնման մասին։

Այս գործընթացում աննախադեպ դերակատարություն ստանձնեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ում կողմերը շնորհակալություն հայտնեցին միջնորդության համար։

Մարտի 10-ին Թեհրանն ու Էր Ռիադը հանդիպման արդյունքներով հանդես են եկել համատեղ պաշտոնական հայտարարությամբ։

«Բանակցություններից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները և վերաբացել դեսպանատներն ու դիվանագիտական ​​ներկայացուցչությունները առավելագույնը երկու ամսվա ընթացքում»,- ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի պետական ​​IRNA լրատվական գործակալության կողմից։

Հիշեցնենք, որ սուննի Սաուդյան Արաբիան և շիա Իրանը, տարածաշրջանում ազդեցության համար երկարամյա պայքար մղելով, ավելի քան յոթ տարի առաջ սուր ճգնաժամից հետո խզեցին դիվանագիտական ​​հարաբերությունները: Հակամարտությունը ծագել է Սաուդյան Արաբիայում հայտնի շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրի մահապատժից հետո, ով մահապատժի էր դատապարտվել ահաբեկչության մեղադրանքով։ Դրանից հետո Իրանում ցուցարարները հարձակվել են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, իսկ Էր Ռիադը, ի պատասխան, խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Թեհրանի հետ։ Պարսից ծոցի այլ երկրներ, ներառյալ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և Բահրեյնը, հետագայում նվազեցրին իրենց դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ՝ ի աջակցություն Սաուդյան Արաբիայի, թեև այս հարաբերություններն արդեն վերականգնված են։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան վերջին շրջանում ակտիվ բանակցում էին, ու կարևոր է, որ հասան նման արդյունքի հենց Չինաստանի նախագահ Ցզինպինի միջնորդությամբ, ինչը խորացնելու է այս երեք երկրների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարաբերությունները։

Նա նշեց, որ երկար ժամանակ բավական զգուշավոր աշխատանք է իրականացվել, քանի որ կային կանխատեսումներ, հրապարակումներ այն մասին, որ գուցե Միացյալ Նահանգները կամ այլ կողմեր խոչընդոտեն սրան։

Նա այս ամենում կարևորեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի փետրվարի կեսին Չինաստան կատարած եռօրյա այցը, որը վերջին 20 տարվա ընթացքում առաջինն էր, ինչպես նաև 2021 թվականին ստորագրված ծավալուն համաձայնագիրը։

Այս գործարքը, նրա գնահատմամբ, էականորեն կբարձրացնի այս ռեգիոնում Իրանի ու Չինաստանի դերակատարությունը, նվազեցնելով նրանց թշնամիների, ինչպես նաև ընդհանուր հակառակորդների հնարավոր քայլերի ռիսկերը, ամրապնդելով համագործակցությունը Պարսից ծոցի ավազանում։

«Թերագնահատել սրա նշանակությունն Իրանի համար, հատկապես աշխարհաքաղաքական այս փուլում, երբ նշմարվում են ռիսկեր, դժվար է, կարծում եմ՝ սա մեծ ազդանշան կդառնա բոլոր արկածախնդիր երկրների համար»,- ասաց Ալի Սալամին։

Նա գտնում է, որ Իրանի դիրքերի ամրապնդումը և արտաքին քաղաքական նման խնդրի լուծումը նպաստավոր է լինելու Իրանի հարավկովկասյան դիրքավորման համար, որտեղ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը կարևոր կարմիր գիծ է հայտարարվել Իրանի համար։ Ուստի, նրա կարծիքով, կարևոր նորություն է նաև Հայաստանի համար, որը ներկայումս հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։

«Ինչպես տեսնում ենք վերջին տարիների ընթացքում, տարածաշրջանները, դրանց նկատմամբ ազդեցությունները փոխվում են, Հարավային Կովկասի տեղն ու կապն այլ ռեգիոնների հետ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հետ, էապես փոխվում է, ուստի սա իսկապես վերաբերում է նաև Հարավային Կովկասին և Հայաստանին։ Եվ սա միանշանակ հայ-իրանական համատեղ շահերին ծառայող նորություն է, որը թույլ կտա ավելի վստահ աշխատել և զսպել հակառակորդներին, խորացնելով ռեգիոնալ համագործակցությունը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս