Ամենաշատը մինչև մեկ տարեկան երեխաները և հղիները պետք է զգույշ լինեն. Վարակաբան
«Այն երեխաները, որոնք ժամանակին պատվաստվել են կարմրուկի դեմ՝ ստանալով մեկ դեղաչափ, ավելի պաշտպանված կլինեն, եթե ստանան նաև երկրորդ դեղաչափը, որը 98 տոկոսով պաշտպանում է վարակվելուց: Ամբողջական պատվաստված երեխաներից 100-ից ընդամենը 2-ը կարող են վարակվել, և բարդությունները շատ քիչ են լինում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը:
Բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանի փոխանցմամբ՝ կարմրուկը կարող է առաջացնել շատ բարդություններ, հատկապես մինչև մեկ տարեկան երեխաների, հղիների պարագայում, ինչպես նաև այլ պատճառներով իմունիտետն ընկճված մարդկանց մոտ:
«4 տարեկան երեխան, որ ստացել է մեկ դեղաչափ, իր համար ռիսկ, որպես այդպիսին, չկա: Կարմրուկով հիվանդանա էլ՝ թեթև է տանելու, սակայն, երբ ստանա երկրորդ դեղաչափը, վարակվելու հավանականությունը գրեթե անհնար կլինի, և ինքը վարակ փոխանցող չի լինի: Պատվաստման արդյունքում է, որ 20 տարի այս վիճակը պահպանվել է, հնարավոր է եղել տեղում մարել վարակը, թույլ չտալ, որ զարգանա տեղային բռնկում: Ամեն դեպքում, եթե երկու դեղաչափ ստացել են մեծահասակները, համարվում է, որ այն ամբողջ կյանքի համար է, բայց որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ 15 տարի հետո իմունային պաշտպանությունը սկսում է նվազել: Սակայն առաջնահերթ երեխաներին պետք է պատվաստել, մեծահասակների դեպքում էլ՝ եթե կոնտակտավոր են: Ամենաշատը մինչև մեկ տարեկան երեխաները և հղիները պետք է զգույշ լինեն: Նրանք, ովքեր միայն մանկական տարիքում են պատվաստում ստացել, 20 տարի և ավելի անցել է վերջին պատվաստումից, խորհուրդ կտամ աշխատանքային արձակուրդ վերցնել, հնարավորության դեպքում հանրային միջոցառումների չմասնակցել կամ 15-20 օր ինքնամեկուսանալ»,- նշեց վարակաբանը:
Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա Արմեն Օհանյանն ասաց, որ հատուկ դեղամիջոցներ չկան բուժելու համար: Վիտամին A-ն է, որը բոլորին էլ տալիս են, հենց ախտորոշվում է կարմրուկ:
Անդրադառնալով հղիներին՝ վարակաբանն ընդգծեց. «Հղիներին պետք է պաշտպանել այնպես, ինչպես մեկ տարեկան երեխաներին. պատվաստում ենք շրջապատի մարդկանց՝ հնարավորինս մեկուսացնում»:
«Իսկ ովքե՞ր չեն կարող պատվաստվել, ի՞նչ հակացուցումներ կան» հարցին ի պատասխան՝ Արմեն Օհանյանն ասաց, որ դրանցից է՝ նախկինում պացիենտի ունեցած թրոմբոցիտոպենիան, քանի որ կա ռիսկ, որ կարող է զգալի կլինիկական դրսևորում ունենալ: Պատվաստվել հակացուցված է նաև ընկճված իմունիտետ ունեցող անձանց՝ ՄԻԱՎ վարակակիրներ, ուռուցքի հետ կապված բուժում ստացող պացիենտներ: Նրանք, ովքեր այդ պահին քիմիոթերապիա են ստանում, իմունիտետն ընկճված է, ևս չպետք է պատվաստվեն:
«Կողմնակի ազդեցությունները կարող ենք բաժանել մի քանի խմբի. պատվաստումից հետո առաջին 4 օրը կարող է ջերմություն, տեղային որևէ ռեակցիաներ լինեն: 15-42 օր կարող է ունենալ իր մեջ պարունակող վիրուսներին բնորոշ կողմնակի էֆեկտներ՝ կարմրուկի, կարմրախտի նման ցանավորվի, ջերմի, թքագեղձերի շրջանում լինի այտուցվածություն»,- մանրամասնեց վարակաբանը:
Հավելենք, որ մարտի 9-ի ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։ Նրանցից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը դուրս է գրվել:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն՝ կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը զգալի նվազել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։
Գրեթե 40 միլիոն երեխա 2021թ. չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստանյութի չափաբաժինը, 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին դեղաչափը, ևս 14,7 միլիոնը բաց է թողել երկրորդ դեղաչափը:
Ամբողջ աշխարհում 2021թ. գրանցվել է կարմրուկի 9 միլիոն դեպք և 128.000 մահ։ Վերջին տարիներին հիվանդության զգալի բռնկումներ են գրանցվել 22 երկրում, ներառյալ՝ Ավստրիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր: