«Ունենք կարմրուկով վարակվածների թվերի աճ, մեծամասնությունը երեխաներ են». Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքերի տվյալներին.

«Ունենք թվերի աճ, բայց կարող եմ ասել, որ այս պահին լոկալ բռնկման շրջանակից դուրս չենք եկել, բայց շաբաթվա վերջին տենդենցի վերաբերյալ հստակ պատկերացում կունենանք: Վարակվածների մեծամասնությունը երեխաներ են, ունենք քաղաքացիներ, որոնք առաջին դեղաչափը ստացել են, բայց վարակված են, նրանց վիճակը բավական լավ է»:

Անահիտ Ավանեսյանը մարտի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նախարարության հետազոտությունները ցույց են տվել, որ 1-ին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից՝ «Հիվանդացել է բալիկ, որից հետո նաև վարակվել են այլ անձինք»:

Այս հայտարարությունից հետո, սակայն, Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարակի տարածման այլ վարկած էր նշել,  թե իր «տեղեկություններով՝ կարմրուկի տարածումը ներհիվանդանոցային է եղել», այսինքն՝  հիվանդանոցի ներսից է տարածվել. «Ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է չպատվաստված բուժաշխատող»:

Կարդացեք նաև

Լրագրողները Առողջապահության նախարարին հարցրեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր և Թորոսյանի հակասական հայտարարությունները.

«Ես ասուլիսին մանրամասն ներկայացրել եմ ամբողջ համաճարակային հետազոտության արդյունքները»:

Լրագրողների ճշտող հարցին՝ այսինքն՝ նախկին նախարար Արսեն Թորոսյանը կե՞ղծ տեղեկություն է տարածել, Անահիտ Ավանեսյանն ըստ էության  խուսափեց կոնկրետ հարցին ստույգ պատասխան տալ.

«Ես արդեն պատասխանեցի»:

Տեսանյութեր

Լրահոս