«Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական զինված ուժերի վերահսկողությանն անցնելու դեպքով քրեական վարույթներ չեն նախաձեռնվել». Դատախազություն

Փետրվարի 21-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Նախատեսված փոփոխություններն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Մինչդեռ գործող կարգավորումներով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։

Այսպիսով՝ ըստ նախատեսված փոփոխությունների, քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Նախագիծը ներկայացնելուց հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նախագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարարին՝ արդյոք Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի մասը թշնամուն հանձնելն ինքնիշխանության խախտո՞ւմ է, թե՞ ոչ։

Կարդացեք նաև

«Գորիս-Կապան ճանապարհի թշնամու հսկողությունը՝ ինքնիշխանության խախտում է։ Դրա վերաբերյալ, օրինակ, քրեական գործեր հարուցվե՞լ են, Ալիևը ներգրավվե՞լ է որպես մեղադրյալ, թե՞ ոչ»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի հարցին Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը չպատասխանեց՝ նշելով, որ նման տեղեկատվություն չունի։

Հանձնաժողովի նիստից հետո 168.am-ը գրավոր հարցեր ուղղեց ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Մասնավորապես հետաքրքրվել էինք.

1. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու դեպքի վերաբերյալ, կա՞ արդյոք հարուցված քրեական գործ։

2. Այդ դեպքից ամիսներ անց, նույն թվականի դեկտեմբերին ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչները սկսեցին վերահսկողություն սահմանել նաև Գորիս-Կապան ճանապարհի վրա, այս դեպքով կա՞ հարուցված քրեական գործ, եթե այո, ապա կա՞ն մեղադրյալներ, կասկածյալներ և ովքե՞ր են նրանք։

Մեր հարցմանն ի պատասխան, Գլխավոր դատախազությունից  առաջին հարցին պատասխանել էին։

«Հայտնում ենք, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու դեպքի վերաբերյալ առկա են հարուցված քրեական գործեր, որոնցից մեկով մեկ անձի նկատմամբ դատախազի որոշմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։

Իսկ մեր երկրորդ հարցի առնչությամբ Դատախազությունից պատասխանել են.

«Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական զինված ուժերի վերահսկողությանն անցնելուն, ապա այդ դեպքի կապակցությամբ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել»։

Տեսանյութեր

Լրահոս