«Արցախս վտանգի մեջ է, վախենում եմ՝ անունը միայն պատմության մեջ մնա, Փաշինյան կոչեցյալը ձեռքերը լվացել է մեզանից». Արցախցի կին
«Բոլորս շոկի մեջ ենք, ինձ թվում է՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները փորձում են ժողովրդին նախապատրաստել ինտեգրման, երկրորդ Փաշինյանն էլ այստեղ է նստած, Փաշինյանի պոչն է, նա ինչ ասում է, սա կատարում է»,- 168.аm-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը:
Արցախցի կնոջը անհանգստացրել է Արցախի Անվտագության խորհրդի երեկվա նիստում նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է, որ կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
«Մեր ժողովրդին տալու են, մեզ կթողնեն բորենիների երախում, կթողնե՛ն, մե՛ղք է ժողովուրդը: Այդ հայտարարությունից հետո ժողովրդի ձեռքերը թուլացել են, հույս չունենք ո՛չ մի տեղից, Հայաստանը ձեռքերը լվացել է մեզանից, ռուսը չի՛ օգնում, մենք էլ ուժ չունենք, բանակը նորմալ զինված չէ, ի՞նչ անենք, 120.000 մատաղացու գառի նման մեզ գցել են էս վիճակի մեջ ու նստած սպասում են, տեսնեն՝ թուրքը ե՞րբ է գալու մեզ սրի քաշի, մարդիկ ահավոր հուսահատված են»,- ասաց Լեսմոնյա Օհանջանյանը:
Դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանը ԱԽ նիստում նաև ասել է՝ «Մենք չենք ընդունել, չենք ընդունում, և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու», արցախցի կինն ասաց, որ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում Արայիկ Հարությունյանի խոսքերին այլևս չեն հավատում.
«Նախագահի ասելով՝ իրենք հրաժարվել են ինտեգրացիայից, բայց ո՞վ գիտի: Ոչ մեկը չի հավատում իր ասածներին, սաղ սուտ է խոսում: Ռուբենին ազատեց, որ իր ձեռքերն ազատ լինի, դա ավելի շատ ոչ թե Ալիևի, այլ Փաշինյանի պահանջն էր: Ոնց որ Փաշինյանն Ալիևի պահանջն է կատարում, ինքն էլ Ալիևինն ու Փաշինյանինն է կատարում, ուրիշ բան չկա, նույն ձեռագիրն է, նույն ձեռագի՛րը:
Եթե իրենք տանեն ինտեգրացիայի, ապա Արցախը կհայաթափվի, միայն անունը կմնա, այն էլ՝ պատմության հուշերում: Ո՞վ նրանց հետ կապրի, ամսի 5-ի դեպքը ձեզ օրինակ՝ մեր ոստիկաններին սպանեցին: Թուրքը օ՛ձ է, օ՛ձ, կլռի-կլռի, հետո կհարձակվի, իրենց հետ հնարավոր չէ ապրել, չի՛ ստացվի»:
Որպես Արցախի բնակիչ, ստեղծված իրավիճակից ելքն ինչպե՞ս եք տեսնում, խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, հարցրեցինք տիկին Լեսմոնյային:
«Ներկա պահին ոչ մի տարբերակի մասին կոնկրետ չենք մտածում: Արցախից դուրս գալը բացառվում է, մեզ գնալու տեղ չունենք, Արցախը մերն է: Թուրքի հետ ապրելու տարբերակը ևս բացառում եմ, չկա, չգիտեմ… Ասում ենք՝ պայքար, հա՛, պայքարում ենք, բայց մինչև ե՞րբ կարող ենք այս վիճակում ապրել: Գուցե ղեկավարի փոփոխությունը ինչ-որ բան փոխի, որովհետև մեզ արդեն այնպիսի փոսի մեջ են դրել, որ էդ փոսից դուրս գալը հնարավոր չէ, ոչ մեկից օգնություն չկա: Մարդ ինքը պետք է սկսի գործել, որ կողքից օգնության գան, մենք չգիտենք՝ ոնց անենք, մենք առաջնորդ չունե՛նք, կուսակցությունները գզվռտվում են:
Ես առաջին օրն եմ ասել՝ մինչև չդառնանք միակուսակցություն, ժողովուրդը միշտ էլ բաժանված է լինելու: Պետք է սաղին վերացնել ու մեկ կուսակցություն սարքել ու այդ կուսակցությունն էլ կառաջնորդի…
Ձուկը գլխից է որդնած, մինչև էդ ապուշին այդտեղից չհանեն, մեզ մոտ այս վիճակն է լինելու, որովհետև այն, ինչ ասում է Նիկոլը, նույնը կրկնում է սա՝ մեր նախագահ կոչեցյալը՝ սուտասանը, հողատուն, ոչ մեկը չի հավատում իրեն:
Զրույցի վերջում արցախցի կինը կոչով դիմեց աշխարհով մեկ սփռված հայությանը.
«Արցախս վտանգի մեջ է, վտանգ, որ ամբողջ կյանքում չի տեսել: Վտանգներ շատ է տեսել, բայց նման վտանգ երբեք չի տեսել, սա վերջնական է, կամ ա՛յս կողմ, կամ ա՛յն կողմ: Հիմա Արցախը թել է կապում Արցախ բառի հետ, վախենում եմ՝ միայն պատմության մեջ մնա Արցախ անունը: Աշխարհում ինչքան հայ կա՝ Հայաստանում, սփյուռքում, թող բոլորն օգնության հասնեն, Արցախս մենակ է, Փաշինյան կոչեցյալը ձեռքերը լվացել է մեզանից, մենք մնացել ենք փոսի մեջ, ու ես չեմ տեսնում, թե այդ փոսից ինչ ճանապարհով կարող ենք դուրս գալ»: