Հաստատում են. Երևան «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի նոր սեփականատեր է դարձել «Թիմ» ընկերությունների խումբը
168.am-ը քիչ առաջ հրապարակմամբ հայտնել էր, որ հավաստի տեղեկություն է ստացել այն մասին, որ «Թիմ» ընկերությունների խումբը ներկայացնող Եսայան եղբայրներն օրերս հերթական գործարքն են իրականացրել՝ ձեռք բերելով «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի բաժնեմասեր, ավելին՝ Եսայանները նույնիսկ հանդիպում են ունեցել հյուրանոցի անձնակազմի հետ:
Team Telecom Armenia ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար Գրիգորի Յուրինը խոստացել էր կապ հաստատել մեզ հետ լրացուցիչ ճշտումներից հետո:
Քիչ առաջ ստացանք ընկերության մամուլի հաղորդագրությունը, որով, փաստորեն, հաստատվեց տեղեկությունն առ այն, որ Երևան «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի նոր սեփականատեր է դարձել «Թիմ» ընկերությունների խումբը:
«Այս մասին հայտնել են իտալական «Ռենկո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անդրեա Դելլասանտան և «Թիմ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր կայացած մամուլի ասուլիսին։ Ամփոփելով նախորդ 25 տարիներին հյուրանոցի գործունեությունը՝ Անդրեա Դելլասանտան նշեց, որ այն «Ռենկոյի» պատմության մեջ նշանակալի դեր ունի։«1998-ին հյուրանոցը ձեռք բերելուց հետո մենք նախաձեռնեցինք դրա վերակառուցումը՝ պահպանելով այն նախնական տեսքը, որն ունեցել էր այս պատմական շենքը։ Այս գործարքով հյուրանոցի պատմության մեջ նոր էջ է բացվում»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ երկու ընկերությունների միջև գործարքն իրականացվել է Ակբա բանկի ֆինանսավորմամբ:
««Երևան» հյուրանոցը 95 տարի եղել է մեր մայրաքաղաքի խորհրդանիշը և այդպես էլ կմնա՝ շարունակելով ծառայել այն նպատակին, որի համար կառուցվել է։ Մենք անելու ենք ամեն ինչ հյուրերի բացառիկ փորձառությունն ապահովելու և նրանց երևանյան հանգիստը հիշարժան ու հաճելի դարձնելու համար»,- ըստ ընկերության՝ ասուլիսում հայտնել է «Թիմ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հավելելով, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո հյուրանոցի անձնակազմի փոփոխություն չի նախատեսվում։
Հիշեցնենք՝ 168.am-ը տարբեր հրապարակումներում անդրադարձել է Եսայան եղբայրների և նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կապին, ընդհանուր հետաքրքրություններին: