«Մի քանի կարևոր արձանագրումներ նախօրեին տեղի ունեցած Արցախ-Ադրբեջան հանդիպումից». Վահե Հարությունյան

Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակի ղեկավար, իրավաբան Վահե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի կարևոր արձանագրումներ նախօրեին տեղի ունեցած Արցախ-Ադրբեջան հանդիպումից:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այս գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում են ԱՀ իշխանությունները։ Արցախի անվտանգության խորհուրդի տարածած տեղեկատվության համաձայն մարտի 1-ին կայացած հանդիպման որոշումն ընդունվել է փետրվարի 28-ին կայացած անվտանգության խորհրդի նիստում։ Կարևոր է ընդգծել, որ ի տարբերություն նախորդ անվտանգության խորհրդի նիստերի, որտեղ նախկինում Արցախի համար կարևոր քննարկումների ու որոշումներ ընդունելու ժամանակ մասնակցում էին նաև քաղաքական ուժերը՝ այդ թվում նաև խորհրդարանական ընդդիմությունը, այս անգամ քաղաքական ուժերը բացակայում էին (նշված նիստից տարածված նկարից տեսանել էր) Ի դեպ, նախագահը, այդ թվում նաև ԱՀ ԱԺ-ում, մեկ անգամ չէ, որ նշել է, որ պատրաստ է կարևոր որոշումները քննարկել խորհրդարանական ուժերի հետ։ Իսկ թե այս անգամ ինչու՞ նախագահը որոշեց առանց քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիայի որոշում կայացնել, մնում է միայն կռահել։ Եվ արդարացիորեն հարց է առաջանում, ի՞նչ ունեին թաքցնելու։

ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոտ երեք ամիս Արցախը շրջափակված է։ Արցախցիները ամեն կերպ՝ այդ թվում նաև դժվարություններին դիմակայելու ու բազմահազար հանրահավաքներ միջոցով, պատրաստակամություն են հայտնել դիմանալ դժվարություններին ու պայքարել հանուն հայրենի հողում ազատ ապրելու իրավունքի։ Այսօր, երբ միջազգային իրավական-քաղաքական դաշտում ստեղծվել է որոշակի դրական տեղաշարժ Արցախի շրջափակումը դատապարտելու ու վերացնելու վերաբերյալ, արդարացիորեն հարց է առաջանում, ինչու՞ Արցախի իշխանությունները հենց հիմա են որոշել գնալ բանակցությունների, թեկուզև հումանիտար հարցերով, նամանավանդ որ չէին կարող չկանխատեսել, որ Ադրբեջանն այդ հանդիպումներն օգտագործելու է սեփական օրակարգն առաջ մղելու և իր դեմքը միջազգային հարթակներում փրկելու համար։

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔՈՂ

Պետք է ընդգծել, որ երկու հանդիպումների մասին լուրն առաջինը տարածեցին ադրբեջանական ու ռուսական կողմերը, իսկ արցախյան կողմը երկար ժամանակ լուռ էր, ինչը առիթ հանդիսացավ տարատեսակ թյուրըմբռնումների ու կասկածներ առաջացմանը։ Եվ դրա արդյունքում Արցախի իշխանությունները ստիպված եղան դառնալ ոչ թե օրակարգ թելադրող, այլև՝ ընդամենը հերքող կողմ։ Իսկ հանդիպման ողջ օրակարգի թելադրող դարձավ Ադրբեջանը։ Արձանագրենք նաև, որ հայկական կողմը հերթական անգամ պարտվեց նաև տեղեկատվական պատերազմում։

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՄԱՏԸ

Բավականին կասկածելի և նույնիսկ մտավախություն է առաջացնում ադրբեջանական կողմի բանակցողի հարցը։ Ըստ տարածված տեղեկատվության Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամիլ Մամեդովը ծնվել է ԱՀ Մարտակերտի շրջանում և այստեղ կարելի է ասել, որ բնականաբար Ադրբեջանն Արցախի հարցը փորձելու է ներկայացնելու որպես ներհամայնքային վեճ։ Առավել վտանգավոր է, որ ադրբեջանական կողմը վերոնշված անձին ներկայացնում է նաև որպես հատուկ ստեղծված այսպես ասած «Ղարաբաղում բնակվող հայերի վերինտեգրման հարցերով բանագնաց»։ Նման ֆորմատով ցանկացած բանակցություններ, թեկուզև հումանիտար կամ ենթակառուցվածքների հարցերով, պետք բացառել ապագայում։ Ինչքան էլ, որ Արցախի իշխանությունները հերքում են վերինտեգրացիայի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, սակայն ինքնին բանակցելը նման մարմնի հետ ինքնին խոսուն փաստ է՝ մանավանդ միջազգային հարթակներում։ Ուստի, եթե Արցախի իշխանությունները իրոք ցանկանում են բացառել ցանկացած վեինտեգրացիայի փորձ, պետք է հստակ պայման դնեն, որ որևէ անձի կամ մարմինի հետ, որը կրող է հանդես գալ «վերինտեգրացիայի» անվան տակ կամ կարող է նման իմիտացիա ստեղծվել կամ, եթե նույնիսկ կարող է պարունակել նման ակնարկ, չեն բանակցելու։

ԻՆՉ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼ

Հարց է առաջանում, եթե նախորդ հանդիպման արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Արցախ մտնող էլեկտրագծերը վերանորոգման վերաբերյալ, ադրբեջանական կողմը չի կատարել, ապա ինչու՞ գնալ երկրորդ հանդիպմանը, փոխարենը՝ պահանջեն նախորդ հանդիպման պայմանների կատարումը։

Չեմ անդրադառնա ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությանը հանդիպման մասին, քանզի թշնամին հնարավոր է ցանկացած մոնիպուլացիա անի, սակայն մտահոգիչ է Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարի տարածած հաղորդագրութունը, ով հանդիպումը հուսադրող է համարել ու նշել, որ «Լավ է, որ քննարկումները կարծես թե կենտրոնացել են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի շուրջ»։ Ու այստեղ կրկին հարց է առաջանում ի՞նչ «լայն հարցերի» մասին է խոսում Կլաարը։ Չնայած, որ Արցախի ԱԽ-ն ուշացումով ու հերքողի դերով թվարկեց քննարկված հարցերը, բայց այդ հարցերը տեղավորվում են հենց Տովյո Կլաարի նշած «հրատապ հարցերի» կոնտեքստում, իսկ թե Կլաարի ասած ի՞նչ «լայն հարցեր» են քննարկվել մնում է միայն կռահել ու մտահոգության տեղիք է տալիս։

Տեսանյութեր

Լրահոս