«Շոկ՝ շոկի հետևից. իր ծրագրերն իրականացնելու համար Փաշինյանը շոկերի է մատնում հասարակությանը». Հարութ Արթին Առաքելյան

Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը դնել հորիզոնական տնտեսական ուղիների վրա, իսկ այդ ուղիները, ըստ նրա՝ անցնում են հիմնականում թուրքալեզու երկրներով:

«Թուրքիան նման ծրագիր ունի, որ հաբ պետք է դառնա տարածաշրջանում, և այդտեղ խոչընդոտներ իրեն պետք չեն: Խոչընդոտները Հայաստանն ու Տաջիկստանն էին, երկուսի հարցերն էլ լուծում են, որ՝ այս գծի վրա խելոք մնացեք, մենք ուզում ենք առևտուր անել: Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ ասում են՝ Միջերկրական ծովից մինչև Չինաստանի պատեր մեզ համար տնտեսական միջոցներ են բացվելու, բայց ոչ, մեզ այդ 40 կիլոմետրում էլ հազիվ թողնեն՝ մաքս ստանանք: Անգամ դա էլ չեն ուզում թողնել, ասում են՝ մենք ինչ ասենք՝ դուք լռեք, որովհետև մենք այստեղ ուզում ենք փող աշխատել: Այդ պատճառով էլ Արցախի պատերազմն սկսվեց և նման արդյունք ունեցավ, որովհետև ո՛չ մենք էինք հավատում, որ Արցախում պարտվելու ենք, և, օրինակ՝ ո՛չ էլ Իրանում էին հավատում, որ պարտվելու ենք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Իրանագետը նշեց, որ պատերազմի օրերին իրանցի վերլուծաբաններն իրեն համոզում էին, որ Հայաստանը չի կարող պարտվել. «Իրանցի վերլուծաբանները չէին հավատում, ասում էին՝ այստեղ մի բան այն չէ, դուք չէիք կարող պարտվել, իմանալով, թե Հայաստանն ինչքան զենք ու զինտեխնիկա ունի և հայ զինվորի մարտունակությունն ինչպիսին է: Ես որ ասում էի՝ ժողովուրդ, ոնց որ մենք նահանջում ենք, անընդհատ կարուստներ ենք ունենում, իրենք ինձ խրախուսում էին, որ՝ ոչ, հիմա տես՝ Հայաստանն ինչ է անելու, հետևաբար, այստեղ կա ինչ-որ ծրագիր: Ես փորձում եմ տրամաբանել, որ դա նաև այդ հորիզոնական միջին գիծը, որը Չինաստանից մինչև Եվրոպա պետք է կազմվի, ես կարծում եմ, որ Հայաստանին սուսիկ-փուսիկ այդ գծի վրա թողնելու են՝ մնա և խոչընդոտ չառաջացնի մեծերի համար, որոնք պետք է փող աշխատեն»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Փաշինյանն իր ծրագրերն իրականացնելու համար շոկերի է մատնում հասարակությանը. «Նաոմի Քլայմը հետաքրքիր գիրք ունի՝ «Շոկի դոկտրինան», որտեղ բացատրում է, որ երբ դու հասարակությանը անվերջ շոկերի ես մատնում, այդ հասարակությունը կորցնում է իր մտածելու և տրամաբանելու ունակությունը: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ լոզունգով եկավ իշխանության՝ Արցախը Հայաստան է, և վերջ, այսինքն՝ մի լոզունգ, որին ոչ մեկը չէր կարող ընդդիմանալ, բայց բոլորս էլ գիտեինք, որ դրա մասին պետք չէ բարձրաձայնել: Եկավ այդ լոզունգով՝ վերջում եղավ շոկ՝ շոկի հետևից: Եթե դու՝ որպես Նիկոլ Փաշինյան, պետք է ինչ-որ ծրագիր առաջ տանես, այս ժողովուրդը կոշտ ժողովուրդ է, դա կոտրելու համար պետք է շոկերի ենթարկես իրեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս