Սարսափելի գին են վճարելու՝ մեծ կորուստների գին, եթե այսպես շարունակվի. Վահագն Մելիքյան
Մենք այսօր իսկապես գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, որն առնչվում է և՛ ազգային ինքնությանը, և՛ հասարակության պառակտվածությանը, և՛ աշխարհաքաղաքականությանը, և՛ մեր սփյուռքին. սա գալիս է փաստելու, որ մենք գործ ունենք համահայկական ճգնաժամի հետ, երբ ունենք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց չունենք դրանց լուծման շուրջ համախմբում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին և դրանից դուրս գալու ելքերին, նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը՝ շեշտելով.
«Ինչո՞ւ համախմբում չունենք, որովհետև իշխանության կողմից վարվող քաղաքականությունը դրան չի նպաստում, իսկ հասարակության մի մասն էլ խորը կոնֆորմիզմի մեջ է՝ հարմարված ապրում է։ Դա կարող էր նորմալ դիտակվել, եթե աշխարհագրորեն մենք շրջապատված չլինեինք թշնամական երկրներով և ունենայինք արագ զարգացող տնտեսություն։ Մենք ո՛չ նա ունենք, ո՛չ մյուսը, և այս ամենին զուգահեռ էլ՝ իշխանությունը շարունակում է հասարակության մեջ ջրբաժաններ գցելու իր քաղաքականությունը։ Արդյունքում համախմբման փոխարեն՝ մենք ազատ անկմամբ գահավիժում ենք և հասել ենք հատակին»,- ասաց Մելիքյանը։
Արտակարգ և լիազոր դեսպանի փոխանցմամբ՝ մենք ունենք Արցախի հիմնահարց, որից կախված է Հայաստանի ճակատագիրը, սակայն այս գաղափարի ընկալման հարցում չունենք բացարձակ կոնսոլիդացիա.
«Արցախյան հիմնահարցը հասարակության մոտ առաջնայինը չէ, թեև, մյուս կողմից՝ կան սոցիոլոգիական հարցումներ, ըստ որոնց՝ մեր հասարակության 95 տոկոսը Արցախն Ադրբեջանի կազմում չի տեսնում։ Անկախ այդ հարցումներից, ես չեմ կարող պատկերացնել որևէ ադեկվատ՝ միջին վիճակագրական հայի, որը կարող է ասել, որ Արցախի ադրբեջանացմանը կողմ է»,- ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնողներին համախմբելու համար անհրաժեշտ է իրական օրակարգ և ծրագիր, բայց այդ հարցում մինչև հիմա ունենք բացթողումներ, թեև Փաշինյանի իշխանությունից հիասթափվել են անգամ այդ իշխանությանն ընտրողները։
«Տարբեր գերատեսչություններում աշխատող մադիկ լռելյայն անհամաձայնություն ունեն այն քաղաքականության հետ, որը վարում են այսօր, բայց այդ մարդիկ լռում են, որովհետև գտնված է նրանց լռեցնելու ձևը՝ փող՝ պարգևավճար։ Փաշինյանին ընտրած այդ 680 հազարն այլևս 680 հազար չէ. նույնիսկ նրանց երդվյալները, չեք էլ պատկերացնի, թե ինչպես են արտահայտվում այս իշխանության մասին, որովհետև հասկանում են՝ խաբված են, սուտ էր նրանց խաղաղության օրակարգն էլ՝ խաբկանք։ Հասկանում են՝ խաբվել են։ Գիտեք՝ սարսափելի գին են վճարելու՝ մեծ կորուստների գին, եթե այսպես շարունակվի»,- ասաց Մելիքյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։