«Քաղաքապետը 3 տարի փոխվարչապետ չի եղել այս շենքում, գուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները». Փոխքաղաքապետ Ավինյան

«Քաղաքապետարանում գործում է  քաղաքական թիմ և քաղաքական թիմը խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով՝ տարբեր տեղեր, տարբեր մարդիկ են աշխատում»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետի փոխարեն ինքը ներկա գտնվել Կառավարության նիստին, և առհասարակ, գրեթե բոլոր միջոցառումներին քաղաքապետի փոխարեն ինքն է ներկա լինում:

Ավինյանը Կառավարության նիստին իր ներկայությունը հետևյալ կերպ մեկնաբանեց.

«Հաշվի առնելով Կառավարության հետ իմ աշխատանքի մեծ փորձը, ես 3 տարի աշխատել եմ փոխվարչապետ, շատ լավ պատկերացնում եմ՝ ինչպես են աշխատում նախարարությունները, ինչպես է աշխատում Կառավարությունը: Քաղաքապետը Կառավարությունում չի աշխատել, 3 տարի չի եղել փոխվարչապետ հենց այս նույն շենքում և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները, և ընդամենը արդյունավետություն ենք մենք ապահովում»:

Դիտարկմանը, որ նախկինում, երբ քաղաքապետները հրավիրվում էին Կառավարության նիստերին, նրանք երբեք Կառավարությունում աշխատած չեն եղել, բայց դա խնդիր չի եղել, որ հենց քաղաքապետը ներկայանա նիստին, Ավինյանն այսպես արձագանքեց.

Կարդացեք նաև

«Կառավարության նիստին շատ ավելի շատ հարցեր են գալիս նաև քաղաքապետարանի նախաձեռնությամբ, և դա որոշակիորեն փոխկապված է այն հանգամանքի հետ, որ այդ մեխանիզմները քաղաքապետարանում, մեր թիմով՝ քաղաքապետարանի թիմով, մենք ավելի լավ ենք պատկերացնում»:

Լրագրողները Երևանի փոխքաղաքապետից նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վերջերս «Գելափ»-ի սոցհարցումների վիճակագրությունը, ըստ որի՝ իր վարկանիշը նվազել է, և, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավելի բարձր վարկանիշ ունեն.

«Չեմ մեկնաբանելու, ժողովուրդ ջան, չեմ մեկնաբանելո՜ւ: Նվազել է, չի նվազել, բարձրացել է: Վե՛րջ, չեմ մեկնաբանելու…»:

Հարցին՝ դուք ամեն տեղ խոսում եք, որ ձեր վարկանիշը բարձրանա՞, Ավինյանը հակադարձեց, թե ինքը չի խոսում, այլ գործում է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս