Անցակետերի տեղադրումը կլինի ամենախայտառակ զիջումը. Արծվիկ Մինասյան
«Դա կլինի ամենախայտառակ զիջումը»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքում անցակետ և տեսահսկող սարք տեղադրելու մասին խոսակցություններին:
Նա ընդգծել է, որ արդեն 90 օր է, Արցախը շրջափակման մեջ է, ինչ-որ քայլեր պետք է իրականացվեն, այդ թվում՝ միջազգային դատարանի որոշման շրջանակներում պահանջները պետք է կատարվեն, որպեսզի որոշակի լուծում տրվի:
«Որևէ զիջում, համաձայնություն, որտեղ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը կամ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է իրականացնեն Արցախի Հանրապետության մուտք ու ելքի նկատմամբ նման կարգի հսկողական գործառույթներ, դա նշանակում է՝ դանդաղ մահվան ենք դատապարտում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին ու չպետք է գնալ նման զիջումների»,- հավելել է պատգամավորը: