Աշխարհիկ ուրախությունները նյութական ուրախություններ են
– Հա՛յր սուրբ, աշխարհիկ մարդիկ հաճախ են ասում, որ բոլոր բարիքներն ունենալով՝ դատարկություն են զգում:
– Իրական, մաքուր ուրախությունը Քրիստոսի մոտ ես ձեռք բերում: Աղոթքի ժամանակ Նրա հետ միավորվելով՝ հոգիդ լիանում է: Այս աշխարհի մարդիկ հաճույքների մեջ են ուրախություն փնտրում: Որոշ հոգևոր մարդիկ ուրախություն են փնտրում աստվածաբանական բանավեճերի, զրույցների և այլնի մեջ: Բայց երբ նրանց աստվածաբանական խոսակցություններն ավարտվում են, նրանք ունայնության մեջ են մնում ու հարց է ծագում, թե հետո ինչ անեն: Ինչով էլ, որ նրանք զբաղվելիս լինեն՝ մեղավոր, թե չեզոք ինչ-որ բանով, միևնույն է, արդյունքը նույնն է լինում: Ավելի լավ է քնելու գնային, որպեսզի առավոտյան թարմ ուղեղով աշխատանքի գնան:
Հոգևոր ուրախությունը չի այցելում այն մարդուն, ով իր սրտի աշխարհիկ ցանկություններն է կատարում: Այդպիսի մարդուն անհանգստությունն է այցելում: Հոգևոր մարդիկ անհանգստություն են զգում աշխարհիկ ուրախությունից: Աշխարհիկ ուրախությունը մշտական ու ճշմարիտ չէ: Դա ժամանակավոր, անցողիկ ուրախություն է, նյութական, այլ ոչ թե հոգևոր: Աշխարհիկ ուրախությունները մարդկային հոգին չեն «լիցքավորում», այլ միայն աղտոտում են: Հոգևոր ուրախություն զգալով՝ նյութականն այլևս չենք ցանկանա: «Կհագենամ՝ տեսնելով փառքը քո» (Սաղմ. 16:15): Աշխարհիկ ուրախությունը հոգևոր մարդու ուժերն է խլում, այլ ոչ թե վերականգնում է դրանք: Եթե հոգևոր մարդուն մի աշխարհիկ շքեղ բնակարանում բնակեցնես, նա այնտեղ չի հանգստանա: Աշխարհիկ մարդուն էլ միայն կթվա, թե հանգստանում է, բայց իրականում կտանջվի: Արտաքինից կուրախանա, բայց ներքին բավարարվածություն չի ունենա ու կտառապի:
– Դժվար է շնչել աշխարհիկ կարգերի մեջ:
– Այո, մարդիկ խեղդվում են, բայց հենց իրենք են այդ նեղությունն ուզում՝ ինչպես գորտն է ցատկում օձի բերանը: Օձը դարանակալում է ջրավազանի մոտ ու անթարթ նայում գորտին: Հափշտակությամբ օձին նայելով և ինքնատիրապետումը կորցնելով՝ գորտը հմայվածի պես ցատկում է նրա բերանը: Օձը թունավորում է նրան իր թույնով, որպեսզի չդիմադրի: Գորտն սկսում է ծղրտալ, սակայն եթե անգամ նրան օգնության գնաս և օձին մի կողմ քշես, միևնույն է, գորտը կսատկի, քանի որ արդեն թունավորված է:
– Հա՛յր, մարդիկ ինչո՞ւ են ուրախանում աշխարհիկ բաներով:
– Այժմյան մարդիկ հավիտենության մասին չեն մտածում: Անձնասիրությունն օգնում է նրանց մոռանալ, որ ամեն ինչ կորցնելու են: Նրանք կյանքի իմաստը դեռ չեն գիտակցել, չեն զգացել այլ, երկնային ուրախություններ: Այդ մարդկանց սիրտն ուրախությամբ չի ձգտում դեպի վեր: Օրինակ՝ մարդուն դդում ես տալիս: «Ի՜նչ հրաշալի դդում է»,- ասում է նա: Դու նրան արքայախնձոր ես տալիս: «Ի՜նչ սարսափելի թեփուկներ ունեն այս արքայախնձորները»,- ասում է ու մի կողմ նետում արքայախնձորը, քանի որ այն երբեք չի համտեսել: Կամ խլուրդին ասա. «Արեգակն ի՜նչ հիասքանչ է», նա կրկին հողի մեջ կմտնի: Նրանք, ովքեր բավարարվում են նյութական աշխարհով, թռչնի անխելք ձագուկների են նմանվում, որ անաղմուկ նստած են ձվի մեջ, չեն փորձում կճեպը կոտրել, դուրս գալ և ուրախանալ արեգակով՝ դեպի դրախտային կյանք երկնային թռիչքով, այլ անշարժ նստած մեռնում են ձվի կճեպի մեջ:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը