«Առցանց դիվանագիտություն»՝ Արևմուտքի պահանջով. Ինչպես կողմերը հայտնվեցին օնլայն ռեժիմում

Ադրբեջանը բացահայտել է Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի շուրջ առաջարկների փոխանակման ձևաչափը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է՝ Հայաստանն ու Ադրբեջանն անցել են առցանց դիվանագիտության։

«Մենք միմյանց փոխանցում ենք խաղաղության պայմանագրի առաջարկները։ Բայց որքանով դա արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- նշել է Բայրամովը՝ ըստ էության խոստովանելով, որ կողմերն առաջարկները միմյանց փոխանցում են ոչ թե միջնորդների կամ հատուկ խողովակների միջոցով, այլ առցանց ռեժիմով:

Ադրբեջանական կողմին հռետորաբանության ավանդույթներին համապատասխան՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը մեղադրել է Հայաստանին, որը, նրա խոսքով, անհիմն կերպով խուսափում է կառուցողական բանակցություններից:

Ըստ նրա՝ Հայաստանը «լուրջ հարված է հասցրել» խաղաղ բանակցությունների էությանը։ Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, Մյունխենի Անվտանգության 59-րդ համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպում, որի մեկնարկի բացման խոսքում Բլինքենն ակնարկել էր, որպես ձեռքբերում, թե կողմերի միջև կա ուղիղ երկխոսություն:

Նա մասնավորապես նշել էր, թե իրենք հավատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես պատմական հնարավորություն ունեն ապահովելու կայուն խաղաղություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո:

Բլինքենը նշել է, որ կողմերն իրենք են վերականգնել ուշադրությունը խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ երկխոսության միջոցով, ինչպես նաև Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է հնարավորն անել՝ աջակցելու ջանքերին, լինի դա ուղիղ կամ եռակողմ ձևաչափով, ինչպես այսօրվա հանդիպումը, կամ՝ միջազգային այլ գործընկերների հետ։

168.am-ի հետ զրույցում ընդհանրապես «առցանց դիվանագիտություն» տերմինի, նման բարդ հակամարտություններում նման խողովակ կիրառելու արդյունավետության մասին խոսեց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը:

Խոսելով ընդհանուր առմամբ առցանց, հեռախոսային դիվանագիտության մասին՝ Լուկիանովն ասաց, որ հիմնականում քովիդային համաճարակի ժամանակաշրջանում այս տերմինները մտան քաղաքագիտական բառապաշար, քանի որ էապես կրճատվեցին պաշտոնական ուղիղ շփումները՝ հանդիպումները, համաժողովները, միջազգային կազմակերպությունների հանդիպումները, սեմինարները, բանակցությունները և այլն, դրանք փոխարինվեցին հեռախոսազրույցներով և առցանց կապերով:

Սակայն, ըստ նրա, համաճարակի ակտիվ փուլի ավարտի հետ մեկտեղ՝ այս փուլը ևս ավարտվեց և միջազգային հարաբերություններն ավելի բնականոն փուլ մտան, ինչը, բնականաբար, իր արդյունավետությամբ համեմատելի չէ մյուս ձևաչափերի հետ:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին և Ղարաբաղյան հակամարտությանը, ապա, նրա խոսքով, կարևոր է հասկանալ, թե ինչպես կողմերը հասան սրան:

Նրա համոզմամբ, ուղիղ երկխոսությունը, որն արտահայտվում է առաջարկների առցանց փոխանակմամբ, արևմտյան ծրագրի մի բաղադրիչն է, Արևմուտքն էր տևական ժամանակ՝ հատկապես վերջին կես տարվա ընթացքում, կողմերին հորդորում անցնել ուղիղ աշխատանքի՝ առանց միջնորդների, և այս դեպքում՝ հատկապես առանց Ռուսաստանի:

«Այստեղ առանցքայինը, իհարկե, ռուսական ֆակտորի չգոյությունն է գործընթացում: Եվ, փաստորեն, ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի ունեցած մի շարք հանդիպումները, այդ թվում՝ նախորդ տարի, առաջ մղեցին այդ ուղիղ՝ այս դեպքում առցանց գործընթացը: Գնահատել այն շատ բարդ կարող է լինել, երբ չգիտես, թե ինչ է փոխանակվում: Դատելով հայտարարություններից, կողմերը միմյանց փոխանցում են իրենց պատկերացրած, ամեն անգամ փոփոխած Խաղաղության համաձայնագրի տեքստեր, բայց այնուամենայնիվ այդ գործընթացում ևս քաղաքական կամքը չափազանց կարևոր է, քանի որ այն ևս, ինչպես ստանդարտ բանակցությունները, կարող է անվերջ շարունակվել: Սակայն սա այդ դեպքը չէ այն տեսանկյունից, որ Արևմուտքն իր քայլերում այս հարցի շուրջ շտապում է, արագացնում է բարձրաստիճան հանդիպումները, կապը չի կորցնում կողմերի հետ: Իսկ թե նման հակամարտություններում որքանո՞վ կարող է այս ձևաչափն արդյունավետ լինել՝ դժվար է ասել, քանի որ հակամարտությունների դեպքում նման նախադեպեր կարծես չեն եղել։ Կամ կողմերի միջև վստահությունն այնքան է մեծացել, որ այս փուլը լիովին ընկալելի է, բայց ընկալելի չէ, որ սրան զուգահեռ՝ կա ռազմատենչ ու խնդրահարույց հռետորաբանություն, ճնշումներ և այլն»,- ասաց վերլուծաբանը:

Հարցին, թե նման ձևաչափը չի՞ նշանակում, որ բոլոր հարցերը համաձայնեցված են, և կողմերը տեխնիկական աշխատանք են իրականացնում, վերլուծաբանը պատասխանեց, որ դատելով կողմերի հռետորաբանությունից, օրինակ, միայն միջանցքների հարցում պաշտոնական մակարդակում երևում են լուրջ տարաձայնություններ:

Սա, նրա որակմամբ, ամենաբարդ հարցերից է, ինչը նշանակում է, որ ոչ բոլոր բարդ հարցերն են համաձայնեցված:

«Այստեղ  Արևմուտքի համար ավելի էականն այն է, որ գործընթաց լինի ուղիղ՝ առանց ռուսական միջնորդության, իսկ իրենք ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կկազմակերպեն: Իսկ ինչպես տեսնում ենք, հանդիպման ռուսական առաջարկները տեղ չեն հասնում, թեև գործընթացը կա նույնիսկ միջանցքի փակվածության իրավիճակում, այսինքն՝ խնդիրը Ռուսաստանն է: Ստացվում է, որ ՌԴ ԱԳ նախարարը ցանկանում էր հանդիպում կազմակերպել, սակայն այդ հանդիպման կազմակերպումը մերժվեց, և կողմերը շարունակեցին հարցեր քննարկել առցանց»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ևս գտնում է, որ «ուղիղ բանակցություն» նշելով՝ Արևմուտքը նկատի ունի հենց ուղիղ գործընթացը՝ առանց Ռուսաստանի, քանի որ չկա ԵԱՀԿ Մինսկի խումբը, չկան շփումներ ԱՄՆ-ՌԴ, ԵՄ-ՌԴ, կամ եթե կան՝ դրանք չափազանց քիչ են հակամարտային ռեժիմում, և ԱՄՆ-ը ուղիղ հայտարարում է, որ այդ գործընթացում համագործակցում է ԵՄ-ի հետ:

«Այսինքն՝ նորություն չկա սրանում: Կարծում եմ՝ առցանց նման գործընթացների շատ օրինակներ կան, սակայն գործընթացում էական միջնորդի ներկայությունը այնուամենայնիվ կարևոր է, քանի որ այն ունենում է հավասարակշռող դերակատարություն և գործընթացին տալիս է լրջություն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս