Տեղյակ չեմ՝ ինչով են զբաղվում մեր պետական ատյանները, որոնք ի պաշտոնե պարտավոր են զբաղվել այդ հարցերով. Արմինե Ադիբեկյան

35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն իրականացրեցին հայ բնակչության ջարդեր և բռնի տեղահանություն: Խորհրդային Ադրբեջանում ավելի քան կես միլիոն հայերի դեմ սկսված էթնիկ զտման ու բռնի տեղահանման գործողությունները դեռևս բախվում են ադրբեջանական ժխտողականությանը: Ավելին՝ ի հակադրություն Սումգայիթի, Ադրբեջանը կեղծ թեզեր է հրամցնում աշխարհին, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին և շարունակում է ցեղասպանական գործողություններ՝ 70 օրից ավելի շրջափակված պահելով Արցախի Հանրապետությունը:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն այս իրողությունների համատեքստում ևս մեկ անգամ արձանագրեց՝ Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգ»-ի անիրատեսական լինելը:

«Ադրբեջանի և Թուրքիայի մեծ ծրագիրը նախատեսում է Հայաստանի և հայերի՝ տարածաշրջանում չլինելը, և այդ ծրագրի իրականացումը զուտ ժամանակի հարց է՝ հաշվի առնելով, թե ինչպես են ՀՀ իշխանությունները հանդուրժում այդ ծրագրի իրականացման գործընթացը՝ իր լուման ներդնելով այդ գործընթացի մեջ,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց ադրբեջանագետը՝ շեշտելով,- Իհարկե, ոչ մի խաղաղություն և համատեղ բարեկեցություն հնարավոր չէ. դա ընդամենն իլյուզիա է, որը կունենա շատ ավելի ծանր հետևանքներ ապագա սերունդների համար, քան այսօր խունտայի լավ ապրելն ու այն միսիան կատարելը, որով եկել են իշխանության»:

Անդրադառնալով միջազգային հարթակներում այս օրերին Սումգայիթի ողբերգության մասին բարձրաձայնելու անհրաժեշտությանը՝ Արմինե Ադիբեկյանն այդ հարցում արձանագրեց պետական ատյանների պասիվությունը:

Կարդացեք նաև

«Ես տեղյակ չեմ՝ ինչով են զբաղվում մեր պետական ատյանները, որոնք ի պաշտոնե պարտավոր են զբաղվել այդ հարցերով, ամեն դեպքում, դեռ չեմ հանդիպել ինչ-որ լուրջ միջոցառումներ արտերկրում (չհաշված Հունաստանում վիրտուալ ցուցահանդեսը, որը միշտ, ամեն տարի կազմակերպվում է):

Նպատակը, գուցե, հետևյալն է. ոչնչով չվիրավորել իմքայլականների տերուտիրականներին, որոնք են Ալիևն ու Էրդողանը, ոչնչով չնեղացնել նրանց և անել ամեն ինչ, որ նրանք ավելի բարենպաստ պայմաններում ոչնչացնեն մեր պետությունն ու մեր ապագան»,- նկատեց նա:

 

Ինչպես կանխել Խոջալուի մասին ադրբեջանական կեղծիքի տարածումը՝ հարցին ի պատասխան էլ՝ ադրբեջանագետը մատնանշեց պետության անելիքները:

«Այդ կեղծիքի տարածումը կանխելու համար ես և իմ գործընկերները շատ մեծ ժառանգություն ենք թողել, երբ լքել ենք պետական ապարատը. գոյություն ունեն գրքեր, կայքեր, հոդվածներ, ու եթե այդ կառույցներում աշխատեին պատասխանատու անձինք, ապա նրանք կկարողանային այդ ժառանգությունն օգտագործել՝ առաջին հերթին կշարունակեին մեր գործը, ապա նաև՝ իրենց լուման կներդնեին այդ կեղծիքի տարածման կանխման գործընթացում:

Բայց պարզվեց՝ այն կառույցը, որը պետք է զբաղվեր այս հարցով, բաղկացած է մարդկանցից, որոնք աշխատավարձ ստանալուց բացի՝ ուրիշ ոչնչով չեն զբաղվում, և հետևաբար, այս կեղծիքը տարածվելու է, ստանալու է միջազգային ճանաչում՝ մինչև դրա համար էլ ՀՀ վրա կոնտրիբուցիա չդնեն (երբ պարտվող կողմը հաղթողներին վնասի փոխհատուցում է տրամադրում)»,- նշեց Արմինե Ադիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս