Ժողովրդի ներկա մշակութային միջին մակարդակն այնքան է նվազել, որ կարծես թե խզվել է կապը մեր հարուստ և բարձրորակ ազգային մշակութային ժառանգության հետ. Գայանե Աբրահամյան

Օյունջյան դպրոց-վարժարանի ուսուցչուհի Գայանե Աբրահամյանը գրում է. «Մշակույթը, ընդհանուր առմամբ, դարեր շարունակ եղել է մեր ազգը պահող ու պահպանող կենսական ուժը։ Մշակույթը մեր ազգային ինքնությունն է, մեր դիմագիծը, մեզ բնորոշող և ուրիշ ազգերից մեզ տարբերակող ամենակարևոր գործոնը, մեր ազգային վարկանիշը։ Դարեր շարունակ մշակույթը եղել է մեր «բանակը», մեր «պաշտպանության նախարարությունը», մեր ազգային անվտանգության երաշխավորը։

Սակայն ներկա պահին վտանգի տակ են թե՛ կրթությունը , թե՛ մշակույթը։ Արցախում ոչ միայն ոչնչացվում է մշակույթային ժառանգությունը, այլև անմիջապես կառուցվում է իրենցը, որով ցանկանում են տպավորություն ստեղծել, որ այդտեղ այլ բան չի էլ եղել։ Իսկ մեր պետությունը ու պետական մարմինները ոչ միայն հակակշիռ չեն ստեղծում, այլ տպավորություն է, թե համաձայն են մեր ոխերիմ «հարևանների» բոլոր գործողությունների հետ։

Այսօր՝ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում մշակույթը սերնդեսերունդ փոխանցելու և պաշտպանելու հնարավորությունները, տարբեր պատճառներով, խափանված են։

Ժողովրդի ներկա մշակութային միջին մակարդակն այնքան է նվազել, որ կարծես թե խզվել է կապը մեր հարուստ և բարձրորակ ազգային մշակութային ժառանգության հետ։ Փողոցներում սարսափելի է լսել երիտասարդության խոսակցական հայերենը։ Արդի մշակութային մակարդակը ենթարկվել է հեռուստացույցի վատագույն սերիալների մակերեսային և անորակ գեղարվեստական ազդեցությանը։

Այս երևույթի նկատմամբ երկրի պետությունն ու համապատասխան պաշտոնյաները շատ դեպքերում մնում են անտարբեր։ Իրենց հերթին, պետական այն մարմինները, որոնց վստահված է մշակույթը պահպանելու և զարգացնելու առաքելությունը, նույնպես անարձագանք են թողնում խնդիրը։ Տպավորություն կա, որ մշակութային պատշաճ մակարդակը պահպանելու հարցով շահագրգիռ կողմեր, ընդհանրապես, գոյություն չունեն։ Բացառություն են կազմել հատուկենտ հանրային ելույթները՝ առանց գործնական լուծումների։

Գնահատելու համար, թե որքան ողբալի է հայ ժողովրդի մշակութային միջին մակարդակը այսօր, մի պահ փորձենք պատկերացնել, թե ուր կարող էինք (և դեռ կարող ենք) լինել։

Անցնող տարիների ընթացքում դպրոցներում և համալսարաններում կարելի էր հայեցի բովանդակալից և նպատակային կրթական ծրագրեր ներդնել և իրականացնել՝ դասավանդելով հայկական և միջազգային ասպարեզում հայկական մշակութային բարձրագույն (դասական և արդի) նվաճումները։

Կարող էինք կազմակերպել նաև ՀՀ և սփյուռքի հայկական դպրոցների ուսուցչական կազմերի համընդհանուր վերապատրասում։

Հայաստանի դպրոցներում երրորդ օտար լեզու, այդ թվում նաև ադրբեջաներեն կամ թուրքերեն, դասավանդելու փոխարեն կարելի է դասավանդել արևելահայերեն և արևմտահայերեն, իսկ այլ օտար լեզու, միջին դպրոցում կարելի էր մտցնել խմբակների տեսքով։

Հայոց պատմությունը, իր ամբողջական և համապարփակ ծավալով, կարող էր դասավանդվել ոչ միայն փոխանցելու պատմական գիտելիքներ, այլև՝ իբրև անցյալից քաղված դաս և փորձառու-թյուն՝ մասնավորապես նպատակ ունենալով պատրաստել ապագայի քաղաքական ղեկավար և քաղաքացի։

Հեռուստացույցի ալիքները, այս նույն տրամաբանությամբ, կարող էին բարեփոխել իրենց հայտագրերը, ուշադրություն դարձնվել զանազան բառապաշարով խոսքի հեռուստաէկրանից հնչելուն, քանի որ մինչև 14տարեկան երեխաների մեծ մասը նույնությամբ կրկնում են խայտառակ լեկսիկոնը։ Եթե լեզվի տեսչությունը և <<Լեզվի մասին>> օրենքը գրված չլինեին միայն լինելու համար, այլ գործեին, գուցե հեռուստաընկերություններն ստիպված լինեին ցենզուրա կիրառելու։

Կրթական ծրագրերի և ընտանեկան մթնոլորտի մեջ ստեղծված կլիներ իրար փոխլրացնող, դրական և կառուցողական մի շղթա։

Մշակութային այս զարթոնքը իր արտացոլումը կստանար նաև ժողովրդական ամենատարբեր միջոցառումների ժամանակ։

Մեր հարուստ մշակութային ժառանգությունն արդեն իսկ սկսած կլիներ մաս կազմել միջին քաղաքացու առօրյային։

Մշակույթը և կրթությունը համադրելու դեպքում կստեղծվի գիտակից քաղաքացիների մի սերունդ՝ օժտված մեր պատմությունն ու մշակույթը հիմնավոր ձևով գնահատելու կարողությամբ, ինչպես նաև ազգային արժանապատվությամբ։ Հազարամյակների մշակույթ ու պատմություն ունեցող Հայաստանը գլոբալիզմի տանելու փոխարեն պիտի զարգացվի ազգային արժանապատվությունը, <<Հայ եկեղեցու պատմություն․․ առարկան հանելու փոխարեն պիտի մտցվի <<Ազգային երգ ու պար>> առարկան։

Այս դաստիարակության շնորհիվ հասարակությունը, հավատարիմ մնալով իր ավանդական արժեքներին, դյուրությամբ կընդուներ արևմտյան հիմնական արժեքները, կապված մարդու իրավունքների, խղճի և խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, ազատամտության, հանդուրժողականության, և ժողովրդավարական սկզբունքների հետ, նախապես արժևորելով սեփականը և ազգայինը ։

Այսօր կարող էինք այս տեսլականին հասած լինել, եթե կրթական համակարգը բովանդակությամբ, ուսուցչական անձնակազմով և դասավանդելու մեթոդաբանությամբ այնպիսի բարեփոխումների ենթարկված չլիներ, որում շեշտը դրված է աշխարհի քաղաքացու ձևավորմանը, ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը, կամ միասեռ ամուսնության ինստիտուտի խթանմանը ։ Այլևս ժամանակ չունենք կորցնելու։ Այս պահին ժամանակն աշխատում է Հայաստանի պետականության դեմ և հապաղելիս կտուժեն ոչ միայն կրթությունն ու մշակույթը…»։

Տեսանյութեր

Լրահոս