Սամվել Բաբայանը մոռացե՞լ է, թե՞ չի ուզում հիշել. փաստերի հետքերով
Վերջին շրջանում Սամվել Բաբայան-հակաբաբայանականներ հեռավար բավականին ակտիվ բանավեճ է ընթանում՝ կապված Արցախում նրա ակտիվացումների և հետաքրքրությունների ու նպատակների հետ:
Արցախի ՊԲ նախկին հրամանատարն օրերս հայտարարություն էր տարածել, որում տեղ գտած մի քանի ձևակերպում հնարավոր չէր անտեսել։ Սամվել Բաբայանը, մասնավորապես, նշում է.
«Եթե իմ գաղափարների և առաջարկությունների շուրջ բովանդակային քննարկում կարող եք պատվիրել, անգամ կարող եմ բանավիճել, որպեսզի ժողովրդին ցույց տամ ձեր մտքի դատարկությունը։ Իսկ հայրենասիրություն խաղալով մոլորեցնելը այլևս չի ստացվում․ երբ խաբում էիք, թե տարածաշրջանում ամենաուժեղ բանակը մերն է, բայց բյուջեն ուղղում ձեր անձնական գրպանները, երբ զորահանդես էիք կազմակերպում ոչ թե հասարակությանը հաշվետու լինելու, այլ նկարվելու համար, ժողովուրդը վերջնականապես համոզվել է 2020 թվականին»:
Առաջին, հայրենասիրություն որևէ ժամանակում խաղալ պետք չէ, իսկ այն այսօր պակաս ցայտուն չէ, հատկապես Եռաբլուր այցի օրերին, երբ ծնկում են 18-20 տարեկան զինվորների շիրիմներին: Մյուս կողմից, այսօրվա իշխանականները նույնիսկ չեն էլ փորձում խաղալ այդ հայրենասիրությունը, որովհետև «թավշյա հեղափոխությունը», 44-օրյա պատերազմում պարտված իշխանությանը ձայն տված հասարակության առնվազն մի հատվածին չի հետաքրքրում՝ երկրի ղեկավարության հայրենիքասիրությունը, բանակասիրությունը:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի ասած բանակի թալանին, ապա նման դեպքեր եղել են, կան նաև այսօր, այլ հարց է, որ նախկինում նաև կառուցվել են զորամասեր, կահավորվել են դիրքեր, գնվել է սպառազինություն, բանակը կարողացել է իր խնդիրը լուծել և թույլ չտալ երկրի տարածքային ամբողջությունը խաթարող տարածքային լրջագույն կորուստներ:
Բավական է նշել, որ նախկին իշխանությունների օրոք ՀՀ զինված ուժերը, օրինակ, նախիջևանյան թևում դիրքային լուրջ բարելավումներ էին ապահովում, իսկ Փաշինյանի օրոք նույն ուղղությամբ դիրքային առաջխաղացումներ ունեցել է Ադրբեջանը:
Ի գիտություն ՊԲ նախկին հրամանատարի, հիշեցնենք, որ 2021 թվականի այս օրերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դիրքային բարելավումներին անդրադառնալով՝ նշել էր.
«Մենք 2012, թե՞ 2013 թվականին, միգուցե ավելի շուտ կամ միգուցե ավելի ուշ, ունեցել ենք մի դիրքային բարելավում, որ առնվազն 100 քառակուսի կիլոմետրից ավելի բարելավում ենք ունեցել, բայց մենք դա չենք գովազդել, որովհետև եթե դու այդպիսի բաները գովազդում ես, դու անելանելի վիճակ ես ստեղծում քո հակառակորդի համար, նա ստիպված ինչ-որ տեղ պետք է պատասխան տար, և Ալիևը մեզանից սովորել էր դա, և երբ որ ինքը 2018 թվականի մայիսին, հունիսին դիրքային մեծ բարելավում ունեցավ Նախիջևանում, դրա մասին բարձրաձայն չհայտարարեց: Հասկանում էր, որ կարևորը այն չէ, որ դու հայտարարես, և ինչպես ասում է ժողովուրդը՝ «աչոկ» հավաքես, կարևորը դիրքերդ բարելավելն է»:
Ըստ մասնագետների, Սերժ Սարգսյանը, թերևս, նկատի էր ունեցել 2014-ի ամռանը՝ հունիսին, նախիջևանյան հատվածում տեղի ունեցած դիրքային լուրջ բարելավումների մասին է, երբ ադրբեջանցիների համար անսպասելի հայկական զորքը զբաղեցրել էր գերիշխող դիրքեր սահմանի զգալի հատվածում, և մեր վերահսկողության տակ անցավ ավելի քան հարյուր քառակուսի կմ, որը մինչ այդ չէր վերահսկվում բարդ ռելիեֆի ու կլիմայական պայմանների պատճառով:
Ընդ որում, ըստ տարածված տեղեկությունների, հայ զինվորները տարածքը հսկողության տակ էին վերցրել առանց որևէ կրակոցի՝ հմուտ մանևրի շնորհիվ, որից հետո ադրբեջանցիներն ուղղակի նահանջել էին:
2014-ի հունիսի 17-ին «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը լուսանկարներ էր հրապարակել նշված վայրից, որոնցում երևում էր ադրբեջանական խրամատի խոցելի վիճակը:
Ավելի ուշ այդ ժամանակահատվածում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Նախիջևանի սահմանի նոր դիրքերը և ցուցումներ տվել պաշտպանական նոր բնագծերի կոմունիկացիոն ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ։
4-րդ զորամիավորման հրամանատարը գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանն էր, ով այդ ժամանակ դեռ գեներալ-մայոր էր:
Նշենք, որ հայկական բանակի մարտական նոր դիրքերից «Ռազմինֆոյի» ֆոտոռեպորտաժը լայնորեն տարածվել էր ադրբեջանական մեդիադաշտում՝ առաջացնելով լուրջ դժգոհություն Ադրբեջանում։
Ի պատասխան՝ հունիսի 19-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որում մասնավորապես պնդում էր, որ «հայկական կողմի հրապարակածն ամբողջությամբ անհիմն է և ապատեղեկատվություն»:
«Առանձին համազորային բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը Նախիջևանում։ Նշված հատվածում ընդհանրապես գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «չեզոք գոտին»»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ, «ANS» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ըստ էության, հերքել էր իր իսկ ղեկավարած գերատեսչության հաղորդագրությունը՝ ընդունելով հայկական կողմի իրականացրած դիրքային լուրջ բարելավումների փաստը, պարզապես այն ներկայացրել էր ավելի մեղմ երանգներով:
«Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումից հետո հայերը սեփական տարածքում հիմնել են մեկ-երկու դիրք: Բայց չէ՞ որ մեկ-երկու մարտական դիրքով խնդիրը չես լուծի»,- ասել էր Հասանովը:
Ինչ վերաբերում է 2018-ին նախիջևանյան դիրքային զարգացումներին, նշենք, որ 2020թ. նոյեմբերին Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր.
«Մենք 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Եվ այն ժամանակ ես գտնվում էի Արցախում: Մենք զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդն առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»:
Եվ այս դեպքում խնդիրն այն չէ, որ այդ ժամանակահատվածում ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հակոբյանը մեղադրում էր 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում եղած Արտակ Դավթյանին, ով 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում արձագանքել էր Մովսես Հակոբյանի հայտարարությանը՝ շեշտելով.
«Եթե ինքն ասում է, որ ես 5-րդ կորպուսի հրամանատարն էի, ինքն էլ ԳՇ պետն էր, բա ինչո՞ւ ինքը որոշում չկայացրեց, որ այդ 6 կմ-ը մենք գնանք առաջ: Եթե կար էդքան տարածություն՝ 5-6 կմ, որ մենք կարող էինք առաջ գնալ, ինչի՞ չենք գնացել: Գոյություն ունի պատասխանատվության գոտի, և դիրքի ցանկացած փոփոխություն ներկայացվում է, և եթե ընդունում է որոշում կորպուսի հրամանատարը, այն պետք է հաստատի վերադասը»:
2018-ի ապրիլին փորձագիտական շրջանակները և մամուլը հայտնում էին Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական կուտակումների մասին: Այսինքն, ոչինչ չի արվել կանխելու առնվազն միջդիրքային հատվածում ադրբեջանական առաջխաղացումները։ Ավելին, առաջխաղացում չի կատարվել մեր զինված ուժերի կողմից:
Նախկին իշխանությունների օրոք և իշխանափոխությունից հետո, երբ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր, դիրքային լուրջ առաջխաղացումներ ենք ունեցել Տավուշի ուղղությամբ:
Սամվել Բաբայանն այս ամենի մասին չի՞ իմացել, թե՞ չի ցանկանում տեսնել նախկինների և Փաշինյանի բանակի տարբերությունը, և էական չէ, որ երբեմն քննադատում է Փաշինյանի բանակում տեղի ունեցող բարեփոխումները, գործող նախարարին:
Փաստն այն է, որ Սամվել Բաբայանը կրկնում է Նիկոլ Փաշինյանի միտքը, թե 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ խաբված ենք եղել և չենք ունեցել մարտունակ բանակ: Այսինքն, Սամվել Բաբայանը, ըստ էության, համաձայն է նաև Սասուն Միքայելյանի հետ՝ 30 տարի կամ 1999-ից հետո բանակ չենք ունեցել:
Նշենք, որ 1995-1999 թթ. Սամվել Բաբայանը եղել է ԼՂՀ առաջին պաշտպանության նախարարը:
Երկրորդ, թալանի մտքի համատեքստում նշենք, որ Արցախի Դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել էին, որ ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2020թ․ հոկտեմբերին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար է եղել Սամվել Բաբայանը: Այսինքն, պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնավարման ժամանակ:
Երրորդ, Սամվել Բաբայանը նախկին իշխանությունների օրոք կազմակերպված զորահանդեսները, այդ թվում՝ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, համարում է ոչ թե հաշվետվություն, այլ նկարվելու համար:
Բայց արի ու տես, որ Սամվել Բաբայանը այս հայտարարության մեջ դարձյալ մոռացել է Նիկոլ Փաշինյանի ֆոտոսեսիաների մասին:
Ընդ որում, Փաշինյանի ֆոտոսեսիաները ոչ թե զորահանդեսների և զորավարժանքների ֆոնին է, այլ ՀՀ-ում արդիականացումից հետո միայն կիրառման համար ինչ-որ չափով պիտանի դարձած «Օսա-ԱԿ»-ների, մոտ 100 կամ ավելի միլիոն դոլար արժեցած ՍՈւ-երի ֆոնին, որոնք, մեծ հաշվով, այդպես էլ պետք չեկան: Դեռ չենք խոսում Աննա Հակոբյանի միլիտարիզացիոն ֆոտոսեսիաների մասին:
Չորրորդ, Սամվել Բաբայանն իր հայտարարության մեջ սպառնում է.
«Ոռնացողներն ու նրանց քաղաքական հովանավորները լավ գիտեն, որ, երբ պատասխանատվություն ստանձնեմ, բոլորը պատասխան են տալու՝ Արցախը թալանելու, Արցախի ժողովրդին սնանկացնելու, Արցախը կործանելու համար.
Այոˊ, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը»:
Սամվել Բաբայանը, սակայն, անուններ չի նշում՝ ո՞վ կամ ովքե՞ր են այդ թալանողները, որոնց կարող է հանձնել կամ չհանձնել Բաքվին: Արցախի՞, թե՞ ՀՀ-ի նախկին ղեկավարներից նկատի ունի, կամ գուցե՝ բանակի ղեկավարների՞ց, ո՞ւմ նկատի ունի:
Ի դեպ, Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի բիզնեսների մասին հայտնի է եղել պատերազմից առաջ էլ, հետո էլ, բացի այդ, Բաքուն նրան մեղադրում է 2020-ի Գյանջայի դեպքերի համատեքստում, և անգամ սպառնացել էր ճանապարհից գողանալ: Նրա՞ն նկատի ունի, թե՞ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ ապահոված Արցախի գեներալներին և ՀՀ-ի նախկին ղեկավարներին, որոնցից Ադրբեջանը վախենում է, և որոնց հետ ինքը որոշակի ճանապարհ է անցել:
Ի դեպ, Ադրբեջանը հենց իրեն՝ Սամվել Բաբայանին էլ է համարել «ռազմական հանցագործ», որին պիտի հասնել:
Հիմա Սամվել Բաբայանը որտեղի՞ց է ստացել երաշխիք, որ իրեն Ադրբեջանը մի օր չի հասնելու, ավելին՝ ինքն է որոշելու՝ ո՞ւմ հանձնել Բաքվին, ո՞ւմ՝ ոչ:
Արցախյան առաջին պատերազմում նախկինների հետ հաղթանակ կերտած անձը կարո՞ղ է նման բան ասել: Այն էլ մեկը, ով միշտ դժգոհել է, թե իրեն չեն հասկացել: Վազգեն Սարգսյանին հասցեագրված Սամվել Բաբայանի նամակը վկա:
Մյուս կողմից, միշտ եղել է ընկալում, որ ինքը պաշտոնի է ձգտում, թե ինչո՞ւ, դա ինքը՝ Սամվել Բաբայանը պետք է ասի:
Հինգերորդ, Նախկիններին Բաքվին հանձնել-չհանձնելու ֆոնին հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմել էր Արցախի և ՀՀ-ի նախագահներին, որում, մասնավորապես, ասվում էր.
«Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։
Մեզանից յուրաքանչյուրը Արցախում և Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։
Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության»:
Ի՞նչ փոխվեց սրանից հետո նորից:
Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո Սամվել Բաբայանը դավադիր էր համարում Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին:
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու՝ հանձնել մեզ»,- 2020-ի նոյեմբերի 10-ին հայտարարել էր նա:
Հարց՝ նրանք այլևս դավադիր չե՞ն:
Ի դեպ, 2022 թվականին 24TV-ի հետ հարցազրույցում Բաբայանը անկեղծացել էր՝ «ես սխալվել եմ, այո, որ գլուխները չեմ ջարդել և ամբողջ ղեկավարումը վերցրել իմ ձեռքը»: Իհարկե, այստեղ նա նաև բանակի ղեկավարությանը նկատի ունի:
Իսկ թե որքանո՞վ է Սամվել Բաբայանը, լինելով Արցախի ԱԽ քարտուղար, միայն խորհրդատվական առաքելություն իրականացրել, երբ պատերազմից առաջ խոսում էր Արցախի նախագահից իրեն փոխանցված ինչ-ինչ լիազորությունների մասին, բազմիցս անդրադարձել ենք: Միայն հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ինքն էր հայտարարել, որ ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ առաջնագծից պատերազմի ժամանակ հանվել է 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող:
«Հատկանշենք նաև, որ ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ գումարտակները ստեղծվելու և համալրվելու նպատակով առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող: Նշված անձնակազմի դուրս հանելը առաջնագծից 5-րդ ՊՇ-ի կողմից մարտական խնդիրների կատարման խոչընդոտ հանդես չի եկել և 5-րդ ՊՇ մարտերի ընթացքում ոչ մի դիրք չի զիջել»,- ասել էր Բաբայանը:
Սամվել Բաբայանին ուղղված հիշեցում-հարցերի շարքը կարելի է անվերջ համալրել, ինչպես ինքն է սիրում ասել՝ փաստերով:
Ի դեպ, փաստերից միշտ խոսող Սամվել Բաբայանն արդեն մոռացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում փաստաթղթեր փոխելու վերաբերյալ իր հայտարարության մասին, և այդպես էլ չասաց՝ համապատասխանո՞ւմ էր դա իրականությանը, թե՞ ոչ:
Չնայած Դատախազությանն ուղղված մեր բազմաթիվ հարցումներին, մեզ այդպես էլ չհաջողվեց իմանալ այս պարզ հարցի պատասխանը, թեպետ ինչ-որ գործողություններ սկսվել էին:
Գուցե Սամվել Բաբայանը մոռացել է այդ մասին, որովհետև իրականությանը չէ՞ր համապատասխանում… բայց շատերը, այդ թվում՝ նաև մենք, չենք մոռացել, խոստանում ենք ևս մեկ հարցում ուղարկել Դատախազություն: