«ՀՀ-ն ՄԱԿ-ի դատարան հայց պետք է ներկայացնի նաև Պատանդառության դեմ կոնվենցիայի շրջանակում». Տարոն Սիմոնյան

«Արցախի ինքնորոշման անբեկանելիության հարցում մենք մեզ համոզելու բան չունենք, հատկապես մասնագետներն այս հարցում որևէ կասկած չունեն, որ միջազգային իրավունքն ամբողջապես հիմքերը տալիս է, թե պատմական, թե մյուս բոլոր հիմքերով»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ Տարոն Սիմոնյանը:

«Բայց արի ու տես, որ արդեն 32 տարեկան պետություն ենք և դեռևս խնդիր ունենք միջազգային իրավունքի ընկալման մակարդակում միջազգային քաղաքականություն իրականացնելիս, և շատերը, նաև այն քաղաքականությունն իրականացնող մարդիկ, ընկալման խնդիրը հենց գործնականում են արտահայտում, որովհետև կարծում են, թե միջազգային իրավունքը մեծապես ուղղահայաց գործող համակարգ է, և փորձում են այդ ուղղահայաց գործող համակարգում իրենցից վերև գտնել նաև երբեմն «գերբնական» իրավունք, որին հղում կատարելով՝ կարող են հողի վրա խնդիրները լուծել: Միջազգային իրավունքը շատ ավելի հորիզոնական գործող համակարգ է, և կարևորն այն է, որ պետություններն իրենց ամենօրյա գործողություններով ձևավորում են միջազգային իրավունքը: Պարտադիր չէ, որ պետությունն ինչ-որ միջազգային պայմանագրի կողմ հանդիսանա, որ իրեն հռչակի միջազգային իրավունք ձևավորող: Խնդիրը նաև նրանում է, որ պետություններն իրենց վարքագծով կարող են նպաստել միջազգային իրավունքի ձևավորմանը և առավելապես հայտարարություններով, որովհետև պետության ղեկավարի, գործադիր իշխանության ղեկավարի, Արտաքին գործերի նախարարի հայտարարությունները դրանք համարվում են պետության դիրքորոշումներ և ազդում են միջազգային իրավունքի անուղղակի ձևավորման վրա»:

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ այստեղ ևս պետք է չափազանց զգուշավորություն դրսևորել, և հույսներս չդնենք, որ մեզնից բարձր գտնվող միջազգային իրավունքն անկախ մեր վարքագծից՝ մեր նկատմամբ պետք է հետևանքներ առաջացնի.

«Որպես պետություն՝ մեր վարքագիծն ինքն է միջազգային իրավունքի արտահայտություն և ստեղծող: Այստեղ խիստ տեսական, գաղափարական մակարդակում լուրջ խնդիր ունենք, որովհետև, եթե դիտարկենք վերջին շրջանում պետության քաղաքականությունը, հնչեցրած կարծիքները, դրանք տրամագծորեն հակառակվում են, շատ դեպքերում նաև նույն պետության ներկայացուցիչների՝ միջազգային դատարաններում արտահայտած կարծիքների հետ, և ունենում ենք մի իրավիճակ, երբ ՀՀ ներկայացուցիչները միջազգային դատական ատյանում լրիվ ուրիշ իրավական ուղղություն են տանում, որը բխում է ազգային շահից, և ունենք իրավիճակ, երբ քաղաքական գործիչները հայտարարություններ են անում, որոնք հակասում են դատարանում հնչեցրած Հայաստանի կարծիքին: Այստեղ արդեն ներելու իրավունք չունենք նման վարքագիծ դրսևորողներին…»:

Կարդացեք նաև

Տարոն Սիմոնյանը խոսեց նաև Արցախի ճանաչման գործընթացից, ներկայացրեց գործիքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի Արցախի ճանաչման հարցն ավելի հնչեղ դարձնել.

«Այդ գործիքների օգտագործման տեսանկյունից ՀՀ-ն շատ ավելի լավ իրավիճակում է, գրեթե բոլոր պետությունների կողմից ճանաչված պետություն, ՄԱԿ-ի անդամ պետություն: ՀՀ-ն օգտագործում է շատ փոքր տոկոսով իր հնարավորությունները, բայց կան շատ հնարավորություններ, որոնք ևս պետք է օգտագործել:

Օրիանակ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի դատարանում սկսած գործընթացն անուղղակիորեն ազդում է Արցախի ինքնորոշման իրավունքի հաստատմանը, որովհետև դրանով մենք ապացուցելու ենք վերջում, որ Արցախի ժողովուրդը հայատյացության պայմաններում չի կարող ապրել Ադրբեջանի տարածքում, և սա արտաքին ինքնորոշման կարևոր հիմք ու հանգամանք է: Վարձկանների դեմ կոնվենցիան ևս ենթադրում է, որ պետք է սկսվի՝ Ադրբեջանի դեմ դատական գործ հարուցելու այս գործընթացը: Կան այլ կոնվենցիաներ, որոնց շրջանակներում Ադրբեջանն ընդունել է ՄԱԿ-ի դատարանի իրավազորությունը, և այդ գործիքը ևս պետք է օգտագործվի ընդդեմ Ադրբեջանի, որն էլի անուղղակիորեն տանելու է Արցախի ճանաչման գործընթացի  համար նպաստավոր հանգամանքներ ձևավորելուն:

Օրինակ՝ Ահաբեկչության ֆինանսավորման դեմ կոնվենցիան, Խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիան, մենք ունենք շատ մեծ փաստական հանգամանքներ, թե ինչպես են Արցախի քաղաքացիական բնակիչները ենթարկվել խոշտանգումների, և դրանց իրավական արձագանքը պետք է տրվի ոչ միայն ՄԻԵԴ-ում, այլև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Օրինակ՝ Պատանդառության դեմ կոնվենցիայի շրջանակներում պետք է սկսվի գործընթաց Ադրբեջանի դեմ, էլի գործընթացի նախաձեռնողը պետք է լինի ՀՀ-ն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս