Անկախ իր միջազգային իրավական ճանաչումից՝ Արցախն անկախ պետություն է. Վարդան Պողոսյան

«Բազմիցս խոսվում է այն մասին, որ մենք պետք է ընդգծենք Արցախի ինքնորոշման իրավունքը: Պետք է երբեք չմոռանանք, որ անկախ անկախության ձեռքբերման հիմքերից՝ Արցախն արդեն իսկ գոյություն ունի՝ որպես պետություն: Պատկերավոր ասած, եթե նույնիսկ չլիներ ինքնորոշման իրավունքը, միևնույն է, պետությունը երբ առաջանում է, դա պատմական փաստ է»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ ելույթում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Նա շեշտեց, որ միջազգային իրավունքն ընդունում է այն իրողությունը, որ կա պետություն՝ միայն ելնելով այն բանից, թե պետության հատկանիշներն առկա՞ են, թե՞ ոչ:

«Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ Արցախի անկախությունը: 30 տարուց ավելի է, Արցախն անկախ պետություն է՝ անկախ իր միջազգային իրավական ճանաչումից: Արցախն անկախ պետություն է, որովհետև բավարարում է միջազգային իրավունքում պետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին: Ինքնորոշման իրավունքը կարևորագույնն է միջազգային իրավունքում, և Արցախն օգտվել է այդ իրավունքից՝ դեռևս 1988-1991թթ. ժամանակահատվածում, երբ հանդիսանում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս, և սահմանադրական ճանապարհով դեռևս մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը հասավ նրան, որ այլևս Ադրբեջանական ԽՍՀ մաս չէր: Այսինքն, առնվազն 1991թ. հետո Արցախի Հանրապետությունն անկախ պետություն է, և դա իրականացվել է և՛ ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան, և՛ միջազգային իրավունքին համապատասխան»,- նշեց սահմանադրագետը:

Խոսելով տարածքային ամբողջականություն և պետականության հարաբերակցություն գաղափարներից՝ Վարդան Պողոսյանն ընդգծեց. «Ակնհայտ է, երբ միջազգային իրավունքում շատ ընդունված է այն մոտեցումը, որ սուվերեն պետությունները բնականաբար չեն ցանկանում, որպեսզի իրենց տարածքից անջատվեն ինչ-որ մասեր և դառնան անկախ պետություններ: Միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության սկզբունքը բավականին բարձր տեղ է գրավում: Պետք է շատ պարզ գիտակցենք, որ 1991թ., երբ Արցախն անկախացել էր, դեռևս գոյություն չուներ անկախ ադրբեջանական հանրապետություն, որից անջատվել էր Արցախի Հանրապետությունը: Արցախն անջատվել է ադրբեջանական ԽՍՀ-ից,՝ սովետական օրենսդրությանը համապատասխան, և 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, երբ ակնհայտ էր, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, Արցախի ժողովուրդը բացարձակ մեծամասնությամբ արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման օգտին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս