ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է արել վերադառնալ իր պարտավորություններին
Եվրամիությունն իր ափսոսանքն է հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) պայմանագրին Ռուսաստանի պարտավորությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունից։
«ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս ՌՀՍ-3-ին և այն դիտարկում է որպես կարևորագույն ներդրում միջազգային ու եվրոպական անվտանգության գործում», – ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ: Բորելի խոսքով` «ՌՀՍ-3 պայմանագրով ռազմավարական միջուկային զինանոցների տեղակայման կրճատումը «հատկապես բարելավվում է դրա ստուգման հուսալի մեխանիզմով և նպաստում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի VI հոդվածի իրագործմանը՝ տեղակայված միջուկային զենքի գլոբալ պաշարի ընդհանուր կրճատման միջոցով»:
«Մեծացնելով կանխատեսելիությունն ու փոխվստահությունը երկու խոշորագույն միջուկային պետությունների միջև՝ այս պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական մրցակցությունը և ուժեղացնում ռազմավարական կայունությունը», – նշվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունում։ Բրյուսելում գտնում են, որ «պայմանագրի գործողության կասեցումը կամ դրա գործողության ժամկետի լրանալը, առանց համապատասխան հետագա համաձայնագրի, կխաթարի եվրոպական անվտանգության ճարտարապետությունը և էապես հետ կմղի սպառազինությունների վերահսկման ջանքերը», ինչը չի բխում պայմանագրի մասնակից պետություններից ոչ մեկի շահերից:
«ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները՝ նպաստելով ՌԴ տարածքում ՌՀՍ-3-ի տեսչական ստուգումներին և մասնակցելով Պայմանագրի իրագործման մարմնի՝ Երկկողմ խորհրդատվական հանձնաժողովի աշխատանքներին՝ պայմանագրով սահմանված ժամկետներում», – հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
ՌՀՍ-3-ը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիր է ռազմավարական միջուկային սպառազինությունների զինանոցների փոխադարձ կրճատման վերաբերյալ։ Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը ՌՀՍ-3 պայմանագրին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես ափսոսանք է հայտնել Մոսկվայի նման քայլի համար և կոչ է արել վերանայել այդ որոշումը: