Բաժիններ՝

Նրա անցյալը լուսավորում է մեր ներկան. Արտավազդ Փելեշյանը տոնում է 85-ամյակը

«Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որի տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում, փետրվարի 22-ին տոնում է ծննդյան 85-ամյակը:

Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են, ամեն ինչ՝ մարդու միջոցով, մարդու մասին։ Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է։

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ՝ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

2021 թվականի նոյեմբերին Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59) տեղի է ունեցել Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան, իսկ 2022-ին նա ֆիլմը ցուցադրել է նաև Հայաստանում:

«Բնությունը» Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

«… Երկնքի աստղերի նման նա լուսավորում է մեզ անցյալից. նրա անցյալը լուսավորում է մեր ներկան: Ինձ համար Արտավազդ Փելեշյանը մեր ժամանակից դուրս է…»,-նշել է էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Գոթֆրի Ռեջջոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս