«Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատվեց. Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. Նա ղեկավարում է առեւտրային կազմակերպություն, ինչի իրավունքը չունի
«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատվեցին՝ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է, գործ ունենք բացահայտ քաղաքական կոռուպցիայի դրսեւորման հետ ու այսքանից հետո Փաշինյանը դեռ տարակուսում է, թե ինչու է երեք նիշով նվազել Հայաստանի դիրքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում։
Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հաստատել էին մեր տեղեկությունները, որ Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նկատենք, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու։
Մեր հրապարակումներից հետո ԱՆԻՖ-ը շտապեց իր հովանու տակ վերցնել քաղաքական իշխանության քաղաքապետի թեկնածուին, թե նա աշխատավարձ չի ստանում, սակայն հրաժարվեց հրապարակել, թե Ավինյանը երբ է հրաժարվել աշխատավարձից, չտրամադրեց նաեւ կանոնադրությունը, քանզի խնդիրն այս պարագայում ամենեւին էլ միայն աշխատավարձը չէ։
Նկատենք՝ էկոնոմիկայի նախարարությունն ու կառավարությունը նույնպես հրաժարվել էին տրամադրել ԱՆԻՖ-ի կանոնադրությունը՝ գրավոր հարցումներին պատասխանելու պարտականությունը միմյանց վրա բարդելով՝ կարծես այն իր մեջ պետական գաղտնիք էր պարունակում։ «Փաստինֆո»-ին, ի վերջո, հաջողվեց ձեռք բերել այն, ինչը տվեց այդ հարցի պատասխանը, թե ինչու էին կառավարությունն ու ԱՆԻՖ-ը այդպես ջանասիրաբար փորձում այն գաղտնի պահել։ Բանն այն է, որ կանոնադրությունն ապացուցում է քաղաքական կոռուպցիայի կասկածները։
Այսպես՝ ԱՆԻՖ-ը հանդիսանում է շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպություն, ինչն ամրագրված է Կանոնադրության 1.2 կետում։ Իսկ կառավարվող մարմինները երեքն են՝ բաժնետերերի ընդհանուր ժողովը, ընկերության տնօրենների խորհուրդը եւ գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի։
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետը, ինչպես արդեն նշեցինք, արգելում է քաղաքապետի տեղակալներին պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպություններում, ինչը խախտել է Տիգրան Ավինյանը։ Վերջինս, ի հեճուկս, ՀՀ օրենսդրության, ոչ միայն պաշտոն է զբաղեցնում առեւտրային կազմակերպությունում, այլեւ ղեկավարում է այն։
Հաստատված փաստ է, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ հենց նա է պատասխանատու խորհրդի աշխատանքների կազմակերպման համար, նա է վարում խորհրդի նիստերը, նախագահում ընդհանուր ժողովն ու ստորագրում, թե ընդհանուր ժողովի, թե խորհրդի որոշումները, դրանցով հաստատված փաստաթղթերը։ Համենայն դեպս, կանոնադրության 16.2-րդ կետը հենց այս պարտականություններն է ամրագրել խորհրդի նախագահի համար։
Ակնհայտ է, որ Ավինյանն այսօր խախտում է օրենքը եւ նրա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում կատարվել է լիազորությունների չարաշահմամբ, ինչն արդեն հանցավոր արարք է, իսկ իրավասու մարմինները աչք են փակում։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քաղաքական հովանավորչություն, քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ։
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա թե ԱՆԻՖ-ը, թե Տիգրան Ավինյանը խուսափում են հայտարարել, թե երբվանից է նա հրաժարվել ստանալ աշխատավարձ, սակայն, ինչպես նշեցինք այս պարագայում դա չէ կարեւորը, այլ այն, որ նա ղեկավարում է առեւտրային կազմակերպություն, ինչն ուղղակիորեն արգելված է օրենսդրությամբ։ Սակայն այստեղ մեկ հարց է նաեւ առաջանում՝ Ավինյանը ամբողջ դրույքաչափո՞վ է նշանակվել քաղաքապետի տեղակալ, թե՞ ոչ, քանզի ստացվում է, որ նա քաղաքապետնի տեղակալի իր աշխատանքային ժամերի հաշվին կատարում է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի պարտականությունները, սակայն աշխատավարձ ստանում քաղաքապետարանից։
«Փաստինֆո»-ն կշարունակի անդրադառնալ, մեր դիտարկմամբ, քաղաքական կոռուպցիայի այլ դրսեւորումներին, որոնց թվին է դասվում նաեւ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքը, թե ինչպես բաժնետոմսերի մի մասը դարձավ կառավարության սեփականությունը, ինչպես մեկ տարվա մեջ երեք անգամ փոխվեց կառավարող մարմինը եւ որ ամենակարեւորն է՝ ինչու։