Դավիթ Տոնոյանի հետ պայմանավորվածությունը խախտվել է

Վաղը՝ փետրվարի 21-ին, պետք է տեղի ունենար հրթիռների գործով հերթական դատական նիստը և շարունակվեր գործում առկա լուսանկարների հետազոտությունը։ Սակայն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը նրա կողմից նորից խախտվել է, այս անգամ էլ՝ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով:

Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին հայտնեց, որ փետրվարի 21-ի փոխարեն՝ դատական նիստ է նշանակվել փետրվարի 28-ին:

«Ստացվում է, որ Դավիթ Տոնոյանը և նույն գործով անազատության մեջ գտնվող մյուս անձինք պետք է շարունակեն մնալ կալանքի տակ՝ այս անգամ էլ դատավորի վերապատրաստվելու պատճառով, ինչը որևէ կերպ չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթներից»,- շեշտեց փաստաբանը:

Ավելի վաղ Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին ասել էրոր դատական նիստերը ձգձգվում են, ապացույցների հետազոտման փուլն էլ շատ դանդաղ է ընթանում, որպեսզի որքան հնարավոր է ուշ լսեն վկաներին:

Կարդացեք նաև

Վկաների թիվը 15-ն է, նրանց թվում կան նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանը և այլք:

Հավելենք, որ հունվարի 11-ին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր, որ դատաքննական գործընթացի դիտավորյալ ձգձգումը ինքը գնահատում է իրեն հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն և «այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»:

Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում հրթիռների գործով անցնող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը զերծ էր մնացել գնահատականից,թե արհեստական են դատական նիստերը ձգձգվում՝ հավելելով, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան:

«Դա յուրաքանչյուրը յուրովի է գնահատում»,- ընդգծել էր Դավթյանը:

Միաժամանակ ԳՇ նախկին պետը պնդել էր՝ իրենք հակաօրինական որևէ բան չեն արել:

Տեսանյութեր

Լրահոս