Ի՞նչ հույսով եք ասում, որ պատրաստ եք ցանկացած պահի բացել սահմանը
Մի քանի ժամով 30 տարի փակված հայ-թուրքական ցամաքային սահմանը մարդասիրական բեռներ տեղափոխելու համար բացել-փակելուց, արտգործնախարարի Թուրքիա կատարած այցից և Չավուշօղլուի հետ հանդիպումից ու արված հայտարարություններից հետո, կրկին ակտիվացել են Թուրքիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ խոսակցությունները։ Հնչում են հայտարարություններ, որ սահմանի բացումը մեծ լիցք կհաղորդի Հայաստանի տնտեսությանը, կնպաստի առևտրի շրջանառությունների ավելացմանը, մարդիկ կսկսեն ավելի լավ ապրել։
Սահմանի բացման հետ կապված՝ ակնկալում են նույնիսկ թոշակների բարձրացում։
Թե ինչի՞ վրա են հույսը դրել, որևէ հիմնավորում չկա։
Մինչև հիմա նույնիսկ մի նորալ ուսումնասիրություն չի իրականացվել սահմանի բացման հեռանկարների ու հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Միայն դատարկ ու օդից վերցրած խոսակցություններ են։
Էկոնոմիկայի նախարարն է պարբերաբար կրկնում, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսության բարձր աճի։ Հիմնավորում-հաշվարկներ են պահանջում, խուսափում է ներկայացնել, որովհետև այդպիսիք չկան։ Ասում են՝ ասելու համար։
Օրերս էլ ԱԽՔ քարտուղարը հայտարարեց, թե Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։
Այնպիսի ինքնավստահությամբ են խոսում, կարծես տնտեսությունը վաղուց նախապատրաստել են դրան, ստեղծել են հիմքեր՝ հնարավոր ռիսկերն ու հետևանքները նվազագույնի հասցնելու համար, և հիմա անհամբեր սպասում են, թե երբ պիտի սահմանը բացվի, որ քաղեն արդյունքները։ Թուրքիան էլ այդքան միամիտն է՝ սահմանը բացելու է, որպեսզի Հայաստանի տնտեսությունը ծաղկի, մարդիկ էլ սկսեն ավելի լավ ապրել։
Պարզ չէ՞, որ Թուրքիան սահմանը կբացի այն ժամանակ, երբ դա ձեռնտու լինի ոչ թե Հայաստանի տնտեսությանը, այլ իրեն։ Այսօր էլ փակ սահմանի պայմաններում Հայաստանը վատ շուկա չէ թուրքական ապրանքների համար։
Գոնե ներմուծման ժամանակավոր արգելանքը մի քիչ երկար պահեին, որպեսզի մեր տնտեսության այն հատվածը, որը սկսել էր փոխարինողներ ստեղծել թուրքական ապրանքների համար, կարողանար որոշ չափով ամրանալ ու դիմակայել սահմանի բացման հետևանքով սպասվող թուրքական ապրանքների էքսպանսիային, դա էլ չարեցին։ Մեկ տարի հետո արգելանքը հանեցին ու կրկին թուրքական ապրանքները լցրեցին մեր շուկա։ Տեղական արտադրողներն էլ, ովքեր քայլեր էին արել փոխարինող ապրանքներ ստեղծելու ուղղությամբ, ֆինանսներ ու ժամանակ էին ներդրել, ստիպված եղան հաշվել կորուստները։
Ներմուծման արգելանքը հանելուց շատ չանցած՝ թուրքական ապրանքները վերականգնեցին իրենց դիրքերը։
Անցած տարի այդ երկրից Հայաստան է ներմուծվել ավելի քան 263 մլն դոլարի ապրանք՝ 3,5 անգամ շատ, քան մեկ տարի առաջ։ Ընդամենը մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի թուրքական ապրանքները արգելանքից հետո վերագտնեն իրենց։
Սահմանի բացման պարագայում դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա։ Առավել ևս, երբ կրճատվեն տեղափոխման ծախսերը և թուրքական ապրանքներն ավելի մրցունակ դառնան մեր շուկայում։
Իսկ ի՞նչ ունի Հայաստանը առաջարկելու թուրքական շուկային, կամ ի՞նչ նոր հնարավորություն են ստեղծել իշխանությունները դրա համար։ Թե՞ կարծում են, որ անցած տարի Հայաստանում բարձր տնտեսական աճ արձանագրվեց, դա բավարար է, որպեսզի մեր տնտեսությունը սահմանի բացման պարագայում կարողանա դիմակայել թուրքական ապրանքների էքսպանսիային կամ բան ունենա առաջարկելու թուրքական շուկային։ Մոռանում են, որ պատահական տնտեսական աճերը քիչ կապ ունեն մեր տնտեսության իրական զարգացումների հետ։ Առևտրի ու ծառայությունների վրա նստած աճերով տնտեսություն չեն ստեղծում ու տնտեսության դիմադրողականությունը չեն բարձրացնում։
Գաղտնիք չէ, որ անցած տարվա բարձր տնտեսական աճերը՝ կարճաժամկետ, երբեմն՝ արհեստական կամ հաշվարկային գործոնների արդյունք էին, որոնք մեծամասամբ կապված էին դրսի հետ ու ցանկացած պահի կարող են չեզոքանալ։
Զարմանալի է, որ այդքանից հետո էկոնոմիկայի նախարարը տարակուսում է, որ միջազգային վարկանշային ընկերություններից մեկը վերապահումներ ունի Հայաստանի անցած տարվա տնտեսական զարգացումների հետ կապված ու առաջիկա սպասումների առումով լուրջ ռիսկեր է տեսնում։
«Այժմ, երբ Հայաստանը հանդիսանում է աշխարհում տնտեսական ամենաբարձր աճ ունեցող երկրներից մեկը, երբ մենք պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցրել ենք 47 տոկոսի ու արտադրողականության զգալի աճ ենք արձանագրել, Fitch-ի նոր (կամ հին) գնահատականը վշտացնող է։ Fitch-ը իր զեկույցում նշել է, որ մեր իրական ռեյտինգն իրենց մեթոդոլոգիայով մեկ աստիճան բարձր է (bb-), բայց իրենք տեսնում են ռիսկ՝ կապիտալի արտահոսքի մեջ, բայց նաև նույն զեկույցում նշել են, որ դա քիչ հավանական է։
Չեմ կարծում, որ անցած տնտեսական տարուց հետո նման գնահատականը տեղին է։
Կոչ եմ անում, որպեսզի մյուս ռեյտինգային ընկերությունները չգնան մտացածին ռիսկ ման գալու հետևից, այլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրում»,- արձագանքելով Հայաստանի տնտեսության վերաբերյալ վարկանշային ընկերության գնահատականներին՝ այսպիսի մի գրություն էր կատարել էկոնոմիկայի նախարարը։
Թե անցած տարի ինչ տեղի ունեցավ մեր տնտեսության մեջ, բոլորն էլ լավ տեսնում են։ Անգամ արտաքին միջավայրից ստացված այդքան հսկայական ռեսուրսների պայմաններում ո՛չ մեր տնտեսական պոտենցիալն է ավելացել, ո՛չ կառուցվածն է բարելավվել, և ո՛չ էլ տնտեսության դիմադրողականությունն է բարձրացրել։ Այն ինչպես կար, այնպես էլ շարունակում է առանձնանալ իր ցածր արտադրողականությամբ ու թույլ մրցակցային կարողություններով։
Տնտեսական այդպիսի միջավայրում էլ իշխանությունները շտապում են բացել Թուրքիայի հետ ցամաքային սահմանը, որին առաջարկելու շատ քիչ բան ունենք։
Անցած տարի թուրքական շուկայում արտաքուստ ունեցանք մեծ առաջընթաց. ավելի քան 61 մլն դոլարի արտահանում իրականացվեց։ Բայց երբ հանում ենք ոսկին՝ տակը դատարկ է մնում։ Այն ամիսներին, երբ ոսկու արտահանում չի եղել, թուրքական շուկայի մատակարարումները Հայաստանից երբեմն կազմել են ընդամենը մի քանի հազար դոլար։
Հույսերը, որ սահմանը բացելուց հետ այդ առումով մեծ բան կարող է փոխվել, տնտեսությունը բարձր տեմպերով կաճի, թոշակներն էլ կբարձրանան, միամտություն է։
Մեկ բանում այնուհանդերձ կասկած չկա. առևտուրը միանշանակ կաշխուժանա, բայց մի ուղղությամբ, ու այդ ուղղությունը լինելու է ի վնաս Հայաստանի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ