Որ գազալցակայանում գազ կա՝ արագ-արագ լցնում են. լավ չեն նստեցնում, նույն գինը վճարելով՝ քիչ ես քշելու. վարորդ
ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները:
Վարորդները 168․am-ին փոխանցեցին, որ դժվար է գտնել գազալցակայաններ, որտեղ գազ է լինում, իսկ որտեղ էլ կա՝ պարբերաբար հերթ է գոյանում։
«Որ գազալցակայանում գազ կա՝ արագ-արագ գազը լցնում են։ Պարզ է, որ լավ չեն նստեցնում գազը և, փաստացի վճարելով նույն գինը՝ շատ ավելի քիչ ես քշելու»,- նշեց վարորդներից մեկը։
Մեկ այլ վարորդ էլ գերադասել է բեզնին լցնել, գազի փոխարեն։
«Ոնց հասկացել եմ հայտարարությունից՝ երկու օր չի լինելու, տեսնենք։ Ինձ գազալցակայաններից մեկում ասել էին, որ փետրվարի 18-ից ժամը 10:00-ից մինչև երկուշաբթի 10:00-ն գազ չի լինելու»,- ասաց մեկ այլ վարորդ։
«Այսօր լցրեցինք, գուցե վաղն էլ լցնենք, բայց որքա՞ն ժամանակով է այս խնդիրը լինելու, ինչպե՞ս հասկանանք, թե սահմանված ժամանակահատված ասելով՝ ինչ նկատի ունեն»,- հավելեց վարորդը։
Նշենք, որ հայտարարության մեջ նշված է, որ հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանից գազի առնման (գազամատակարարման ցանց ներմղման) տեխնիկական պայմանները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ղեկավարվելով ԳՄՕԿ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N 95-Ն որոշմամբ հաստատված կանոնների), 2.8 կետով, 5.5 կետի «ա» ենթակետով և 5.5.1 կետով ամրագրված իրավակարգավորումներով, տեղեկացնում է, որ ստեղծված պայմաններում վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով ս.թ. փետրվարի 18-ի ժամը 11:00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: