Բաժիններ՝

Կապիտալի արտահոսքի խնդիրը բնորոշ է հատկապես արտաքին անվտանգային ռիսկեր ունեցող երկրներին. Տնտեսագետ

Օրերս տեղեկացանք՝ «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»:

Այս գնահատականը, ըստ զեկույցի՝ ձևավորվել է՝ հաշվի առնելով 2022 թ. տնտեսական աճը, բյուջեի դեֆիցիտի և պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազումը: Որպես ռիսկային գործոն՝ վարկանիշային գործակալությունն իր զեկույցում դիտարկել էր բարձր գնաճը, կապիտալի հնարավոր արտահոսքը և տարածաշրջանում ռազմական լարվածությունը։

Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը ՀՀ տնտեսությանը տրված «Ֆիթչ»-ի գնահատականը համարում է դրական՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դեռ 2022 թվականի տարեսկզբից հնարավոր ռիսկերի և մարտահրավերների կանխատեսումներ կային, որոնք ամբողջ տարվա ընթացքում նաև պահպանվել էին:

«Այսինքն՝ թեև հակառակ գործընթացներ էլ եղան, չնախատեսված դրական տենդենցներ՝ պայմանավորված ռելոկանտներով, մարդկանց և կապիտալի բավական մեծ ներհոսքով, այնուամենայնիվ, առաջին հերթին անվտանգային ու նաև՝ ռուս-ուկրաինական զարգացումներից բխող հնարավոր ուղղակի և ածանցյալ ռիսկերը պահպանվել են տարվա ընթացքում: Եվ այս պարագայում այն, որ գործակալության գնահատականը հետքայլ չի արձանագրել, դա արդեն իսկ դրական է,- նշեց տնտեսագետը, ապա անդրադառնալով ռիսկերի գնահատման առնչությամբ նախարար Վահան Քերոբյանի արձագանքին՝ հավելեց,- Զարմանալի է նախարարի զարմանքը, որ հաշվի են առնվել ռիսկերը:

Կարդացեք նաև

Այդ ռիսկերը միանշանակ կան, դրանց մասին խոսել ենք բազմիցս, բարձրաձայնել, և, ընդհանուր առմամբ, այդ ռիսկերը հաշվի առնելով անգամ՝ այդ գնահատականը կարելի է համար շատ ավելի դրական, քան իրավիճակն է»:

Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանը Ֆեյսբուքում գրել էր. «Fitch-ը պահպանել է Հայաստանի սուվերեն ռեյտինգը B+ մակարդակի վրա` ընդամենը լավացնելով հեռանկարը կայունից դրականի։

Այժմ, երբ Հայաստանը հանդիսանում է աշխարհում տնտեսական ամենաբարձր աճ ունեցող երկրներից մեկը, երբ մենք պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցրել ենք 47%-ի ու արտադրողականության զգալի աճ ենք արձանագրել, fitch-ի նոր (կամ հին) գնահատականը վշտացնող է։ fitch-ը իր զեկույցում նշել է, որ մեր իրական ռեյտինգն իրենց մեթոդոլոգիայով մեկ աստիճան բարձր է (bb-), բայց իրենք տեսնում են ռիսկ կապիտալի արտահոսքի մեջ, բայց նաև նույն զեկույցում նշել են, որ դա քիչ հավանական է։ Կարելի է անվերջ նկարագրել այլևայլ ռիսկեր։ Չեմ կարծում, որ անցած տնտեսական տարուց հետո նման գնահատականը տեղին է։ Կոչ եմ անում, որպեսզի մյուս ռեյտինգային ընկերությունները չգնան մտացածին ռիսկ ման գալու հետևից, այլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրում»:

Անդրադառնալով մասնավորապես կապիտալի արտահոսքի ռիսկերին՝ Լիլյա Ամիրխանյանը նշեց՝ նման խնդիրը բնորոշ է հատկապես արտաքին անվտանգային ռիսկեր ունեցող երկրներին:

«Եթե հետադարձ հայացքով ուսումնասիրենք բոլոր այն տարիները, որոնց ընթացքում եղել են կապիտալի խոշոր արտահոսքեր, ապա կապն արտաքին անվտանգային խնդիրների հետ ակնհայտ է եղել:

Այսօր արտաքին անվտանգային այդ խնդիրները մեզ մոտ բազմապատկվել են, և 44-օրյա պատերազմից հետո մեր արտաքին անվտանգային բաղադրիչը որևէ կերպ չենք լավարկել. պատահական չէ, որ «Ֆիթչը» զգալի հատվածով անդրադարձել է անվտանգային խնդիրներին»,- ասաց նա՝ նկատելով, որ միջազգային գործակալությունից առաջ՝ դա պետք է հաշվի առներ նախ Հայաստանի կառավարությունը՝ այդ ռիսկը դնելով բոլոր կանխատեսումների հիմքում:

Ի դեպ, ինչ վերաբերում է պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազմանը, որի մասին արձանագրումներ կան նաև «Ֆիթչ»-ի զեկույցում, տնտեսագետն այն պայմանավորեց արտարժութային փոփոխություններով:

«Մենք զուտ բացարձակ ցուցանիշով մեր պարտքային պարտավորությունները մեծացրել ենք, բայց 2022 թվականին դրամի ավելի քան 20 տոկոս արժևորման, արտարժության վերահաշվարկների արդյունքում մեր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազեց:

Այսինքն՝ խնդիրը վերահաշարկվի մեջ է. դոլարից դրամի վերածման պարագայում, դրամի արժևորման դեպքում, ստացվում է՝ ավելի քիչ պարտք ունես:

Նաև՝ կա այն հանգամանքը, որ ավելի էժան դոլարի հավաքագրման միջավայր ստեղծվեց, ինչը նաև հնարավորություն ստեղծեց դոլարային պարտավորությունները շատ ավելի հեշտորեն մարելու»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս