«5 մասունք եմ հուղարկավորել, բայց 100 տոկոսով վստահ չեմ, որ որդուս մասունքներն էին…». պայմանագրային զինծառայողի հայր
2020 թվականի 44-օրյա պատերազմից 2.5 տարի անց Հայաստանի Հանրապետության տարբեր դիահերձարաներում տասնյակ մասունքներ կան, դրանց մի մասը նույնականացվել է, սակայն ծնողները չեն վստահում փորձաքննության արդյունքներին և չեն վերցնում դրանք, որ հողին հանձնեն:
Էջմիածնի N զորամասի պայմանագրային զինծառայող Գոռ Հակոբյանի հայրը՝ Աբրահամ Հակոբյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 2020 թվականի հոկտեմբերից որդուց տեղեկություն չունեին, բայց 2021 թվականի մայիսին՝ որդու՝ ռազմաճակատ մեկնելուց 7 ամիս անց, իրենց Դատաբժշկական և գիտագործնական կենտրոնից զանգահարել և հայտնել էին, որ ԴՆԹ փորձաքննությունը ցույց է տվել, որ կա համընկնում:
«2021 թվականի մայիսի 2-ին Հերացու դիահերձարանից 5 մասունք եմ վերցրել և հուղարկավորել, բայց 100 տոկոսով վստահ չեմ, որ դրանք որդուս մասունքներն էին, որովհետև այդ ժամանակ տուփի մեջ լցրած բերեցին, բացեցինք, տեսանք՝ ցեխոտ վիճակում 3 ոտք, հետո, որ տարան լվացին, բերեցին՝ արդեն 2 ոտք էր, հարցրեցինք՝ բա 3-րդ ոտքն ի՞նչ եղավ, պատասխանեցին՝ դա ձերը չէր: Այսինքն, եթե մենք տեղում չբացեինք, այդ ոսկորն էլ էինք հուղարկավորելու: Բացի դա, մեզ վստահեցրին, որ այլ մասունք չկա, բայց հուղարկավորությունից 2.5 ամիս հետո զանգեցին, ասացին՝ արի, էլի մասունք կա, չգնացի: Այդ զանգից 1.5 տարի է անցել, բայց ոչ ոք էլ կապի դուրս չի եկել մեզ հետ, անգամ չգիտեմ, թե այդ մասունքի հետ ինչ են արել, գուցե ուրիշ ծնողի են տվել»:
Աբրահամ Հակոբյանն ասաց նաև, որ իրենց փոխանցած բոլոր մասունքներն իրենք լուսանկարել են:
«Ինձ տվել են գանգ՝ ծոծրակով, կրծքավանդակի հատվածը՝ կողոսկրերով, չոքի ոսկոր, ձեռքից մի կտոր և ոտք, ինձ մոտ նկարները կան, համ ցեխոտ վիճակում, ոնց որ սկզբում տվել էին, համ էլ մաքուր՝ լվացած վիճակում»:
168.am-ին վերջերս հայտնի էր դարձել, որ իշխանությունը որոշել է՝ դիահերձարանում պահվող մասունքները հողին հանձնել, ուստի Աբրահամ Հակոբյանին հարցրեցինք, թե արդյո՞ք իրենք տեղյակ են այդ որոշման մասին:
«Մեզ որևէ մեկը որևէ բան չի ասել այդ մասին: Բայց ես այդ մի կտոր ոսկորի վրա էլ եմ կասկածում, որ ասում են՝ իմ տղայինն է, այնքան բան է եղել, որ արդեն դավերյա չկա իրենց նկատմամբ, բոլորը սուտ են խոսում: Արտաշիրիմման դեպքերն էլ դրա վառ ապացույցն են»:
Էջմիածնի նույն զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկի ծնողն էլ, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, ասաց, որ մարտական գործողությունների մասնակցելու նպատակով Կովսական գնացած «Քիմիկների» զորամասի 41 զինծառայողներից 5-ը գերությունից վերադարձել են, 6 հոգու էլ հուղարկավորել են, իսկ մյուս 30-ի ճակատագիրը հայտնի չէ.
«30-ից 6-ին նույնականացում կա, մյուս 24-ից 13-ին համացանցում տարածված տեսանյութում ենք տեսել, որ գերի են ընկել, հետո խփում են: Մյուս 11-ից մինչ օրս ոչ մի լուր չկա:
Կարող է՝ իմ երեխեն գերության մեջ է, իրենք մասունք են տալիս, բա որ երեխես գա՞… Փաշինյանը, Պապիկյան Սուրենը, Ավանեսյան Անահիտը երևի ուզո՞ւմ են, որ դաժան վարվենք իրենց հետ»:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան)՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Նրանցից միայն 20-ին էր հաջողվել դուրս գալ շրջափակումից: