Սրա նպատակը ոստիկանական պետության ստեղծումն է, որ քաղաքացու վախը ոստիկանությունից շատ մեծ լինի, իրենք էլ ինչ ուզեն, անեն. Երեմ Սարգսյան
«Բորիս Բախշիյանը նախկին դատավոր չէ, այս պահին նա համարվում է դատավոր: Նրա հաստիքն է ազատվել, և արդարացման ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա պետք է օրենքի ուժով վերականգնվի հավասարազոր պաշտոնի: Հիմա տեսնենք՝ վճռաբեկն ի՞նչ մոտեցում կցուցաբերի: Եթե որոշեն ձգել, որևէ բողոք վարույթ կընդունեն: Անկախ ամեն ինչից՝ պետք է ընդունենք, որ ունենք արդարացման դատական ակտ, որը Վերաքննիչ դատարանի կողմից չի բեկանվել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի կայացրած վճռին, ըստ որի՝ հաստատվեց. Բորիս Բախշիյանն արդար է:
Ըստ նրա՝ Բորիս Բախշիյանի կողմից կայացրած կալանավորման որոշումը, որն էլ դրվել էր նրա մեղադրանքի հիմքում, թե իբր ապօրինի դատական ակտ է կայացրել դատավորը, այսօր օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է:
«Երբ կանցնեն տարիներ, ու այս գործը կուսումնասիրվի, ովքեր որ սրան առնչվել են, հետադարձ հայացք որ գցեն, կտեսնեն՝ ինչ աբսուրդ է տեղի ունեցել: Եթե դատախազությունը գիտեր, որ ի սկզբանե Բորիս Բախշիյանի արածը հանցագործություն է, ինչո՞ւ ի սկզբանե քրեական գործ չհարուցեցիք, այլ երկու ամիս հետո, երբ Բախշիյանը մեկ այլ, Աշոտ Երկաթին («Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին) կալանքից ազատեց, հանկարծ որոշեցին, որ երկու ամիս առաջ հաստատ գիտեին՝ դատավորը հանցագործություն է կատարել: Ու երկու ամիս է՝ ոչինչ չէիք անում, ու սա համընկավ հանկարծ»,- իրավիճակի զավեշտը ներկայացրեց փաստաբանը:
Հարցին՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամները միաձայն կայացրեցին դատավորին կալանավորելու թույլտվություն տալու որոշումը, և ինչ վստահություն ունեին, որ նման որոշում կայացրեցին, Երեմ Սարգսյանը նկատեց՝ նախ մինչև վստահությունը ԲԴԽ անդամներն ունեին կաշկանդվածություն:
«Մեր երկրում կատարվում են պրոցեսներ, որ չնչին անկախություն իսկ ունեցող բոլոր պետական կառույցները զրոյանան: Մոտեցումը սա է՝ դուք ո՞վ եք, որ ինքնուրույն որոշում կայացնեք, հետևեք քաղաքական կուրսին: Վատն այն է, որ նույն այդ ԲԴԽ անդամները ոչ թե գործում եղած փաստերով էին ղեկավարվել, այլ անդրկուլիսային խոսակցություններով: Երբ նրանց ասում են, որ փաստեր կան, հետո կտանք, ու ԲԴԽ անդամները որոշում են կայացնում, բայց հետո դրանք չեն լինում, ունենում ենք նման իրավիճակ: Իրականում այնտեղ նաև շփոթմունք է եղել: Եղել է սխալ ինֆորմացիա, բայց ոչ փաստաթղթավորված, ընդամենը սխալ տեղեկություն, որը շատ արագ կարելի էր ստուգել, իրենք ուշ ստուգեցին»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Ըստ նրա՝ այն, ինչ այսօր, տեղի է ունենում ԲԴԽ-ում, նորմալ չէ, և ԲԴԽ անդամները պետք է հասկանան՝ ամեն ինչ միշտ չէ, որ այսպես է լինելու:
«Մի օր ստուգման են ենթարկվելու իրենց գործողությունները: Ես վստահեցնում եմ՝ ԲԴԽ անդամներից բոլորի հետ կապված հենց հիմա կարելի է մեղադրանք ձևակերպել: Այն խայտառակությունը, որ դատավորներին արագ-արագ հեռացնում են վեթինգ անվան տակ, մի օր արձագանք է ունենալու»,- ասաց փաստաբանը:
Խոսելով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբաններին ծեծելու առնչությամբ ոստիկանության արձագանքի մասին՝ Երեմ Սարգսյանը նշեց՝ այս իշխանությունների համար իրենց խանգարող ամենավտանգավոր ինստիտուտը փաստաբանությունն է:
«Խոսք էր գնում Փաստաբանների նոր պալատ ստեղծելու, օրենսդրական մեխանիզմներ կիրառելու մասին, որ թուլացնեն փաստաբանությունը, բայց սա մի կողմ: Վերջին շրջանում հաճախ լսում ենք, որ ոստիկանությունում մարդկանց դաժան ծեծի են ենթարկում, ոստիկանությունում չհիմնավորված ուժ են կիրառում, մի հատ էլ հայհոյում են, պատասխան ստանալուց հետո բերման ենթարկվածին էլ ավելի դաժան ծեծի են ենթարկում: Քաղաքացիներն էլ վախենում են հաղորդում տալ, որ պրոբլեմ չունենան»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հիմա արդեն փաստաբաններին են փորձում թիրախավորել:
«Ես վստահ եմ, որ մեր գործընկերները հստակ աշխատանք են տանում, որպեսզի ոստիկանները չազատվեն քրեական պատասխանատվությունից: Բոլորս կմիանանք այս պրոցեսին: Բայց երբ ոստիկանությունը համարում է, որ եթե քննչական բաժինն իրենց շենքում է, ուրեմն երբ ուզեն, կարող են ուր ուզեն գնալ, կանգնել, խառնվել, այդքան անձանցով գալ, քննչական սենյակի մոտ կանգնել, սա արտառոց է: Իրենք որոշել են, որ իրենք կարող են, որովհետև իրենք են «տանտերը»: Եվ այս իրավիճակում ասել, որ փաստաբանն անձնական շահ ունի՝ ինչ-որ բան անելու, նոնսենս է: Իսկ ոստիկանն ունի անձնական շահ, որովհետև երբ փաստաբանը եկել է անչափահասի շահը պաշտպանելու, ու առերեսման ժամանակ ոստիկանի գործողությունների ապօրինությունն է հիմնավորվում, ոստիկանը վրեժով է լցվում»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Ըստ նրա՝ եթե անգամ ամեն ինչ այնպես է եղել, ինչպես ոստիկանությունն է ներկայացնում, ապա տեղի է ունեցել հանցագործության դեմ պայքար հանցագործությամբ:
«Այսինքն՝ դուք որոշել եք՝ քանի որ պետությունը ձեզ ուսադիր է տվել, ուրեմն կարող եք հանցագործության դեմ հանցագործությամբ պայքարել: Սրա նպատակը ոստիկանական պետության ստեղծումն է, որ քաղաքացու վախը ոստիկանությունից շատ մեծ լինի, իրենք էլ ինչ ուզեն, անեն: Եթե ինչպես ասում են, փաստաբանը հանցագործություն է կատարել, ինչո՞ւ նրան բերման չեն ենթարկել, այլ սպասել են՝ փաստաբանները հաղորդում տան, դրանից հետո իրենք են հաղորդում տալիս»,- եզրափակեց Երեմ Սարգսյանը
Մանրամասները՝ տեսանյութում: