Սահմանը բացվեց, բայց օգտվող չկա, չի էլ լինելու
Մինչ Ադրբեջանը գրեթե երկու ամիս համառորեն շարունակում է փակ պահել Արցախ տանող ճանապարհը, տարեսկզբին Թուրքիան հանկարծ որոշեց բացել հայ-թուրքական սահմանը՝ Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների համար։
Թվում էր, թե սրանով Թուրքիան մեծ բարեհոգություն է անում Հայաստանի համար, թույլ է տալիս օդային ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնել։ Բայց իրականում դա Հայաստանի տնտեսությանը ոչինչ չտվող քայլ էր։ Պատահական չէ, որ թեև սահմանը բացվել է օդային բեռնափոխադրումների համար, այդպիսի փոխադրումներ մինչև հիմա չեն իրականացվել։ Հավանաբար չեն էլ իրականացվի, որովհետև դրա կարիքը Հայաստանի տնտեսությունը պարզապես չունի։
«Մեր տեղեկություններով, դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ։
Համենայնդեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ՝ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որն ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այդ պարագայում, թե ում էր պետք օդային բեռնափոխադրումների համար սահմանի բացումը, դժվար չէ գուշակել։ Այն ավելի շատ միջազգային հանությանն ուղղված քայլ էր, որով Թուրքիան փորձում էր ուշադրությունը շեղել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումից։
Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումները Հայաստանի տնտեսությանը, առավել ևս՝ հիմա, բոլորովին էլ պետք չեն։ Ու, ինչպես խոստովանում է էկոնոմիկայի նախարարը, Հայաստանը հետաքրքրված չէ Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումներով։
Օդային բեռնափոխադրումների կարիք ընդհանրապես չի լինի, առավել ևս այն պարագայում, եթե բացվի հայ-թուրքական ցամաքային սահմանը։
Ի տարբերություն օդայինի, Վահան Քերոբյանը մեծ հույսեր է կապում ցամաքային սահմանի բացման հետ՝ համարելով, որ դա մեծ խթան կլինի Հայաստանի տնտեսության համար. «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով: Եվ, եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ մեզ դասավորվեն, և մենք ի վերջո հասնենք այդ պահին, ապա վստահ եմ, որ Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը»։
Որտեղի՞ց այսպիսի լավատեսություն, երբ փորձագետների մեծ մասի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության հատկապես որոշ ճյուղերի համար։ Դա երևում է նաև այսօր, բայց առավել նկատելի կլինի վաղը, երբ բացվի սահմանը և սկսվի թուրքական ապրանքների ազատ տեղաշարժը հայկական շուկա։ Վերանա նաև երրորդ երկրի տարածքով թուրքական ապրանքների ներմուծման անհրաժեշտությունը և կրճատվեն ծախսերը։
Սահմանի բացումը միայն կընդլայնի թուրքական ապրանքների հոսքը հայաստանյան շուկա ու կմեծացնի ճնշումը տեղական արտադրության վրա։ Դրանում մենք մեկ անգամ արդեն համոզվեցինք կարճատև էմբարգոյի կիրառման շրջանում, երբ արգելանքի վերացումից հետո թուրքական ապրանքները մեծ թափով վերադարձան հայաստանյան շուկա, այնտեղից դուրս մղելով նաև տեղական արտադրողին։ Այդ երևույթը խորանալու է ցամաքային սահմանը բացելուց հետո։
Ներքին տնտեսությունը պաշտպանելու այն միջոցառումները, որոնց մասին երբեմն-երբեմն խոսում է էկոնոմիկայի նախարարը, ոչինչ են թուրքական էքսպանսիային դիմակայելու համար։
Սահմանի բացումից, բնականաբար, ռիսկեր կան, բայց կառավարությունը լուրջ աշխատանք է կատարում, ասում է նախարարը։ Եվ ո՞րն է այդ աշխատանքը։ Պարզվում է՝ անցած տարի 56 մլրդ դրամի գործարքներ են ֆինանսավորել, որի արդյունքում 901 պայմանագրեր են կնքվել՝ սարքավորումների ձեռքբերման և բիզնեսում օգտագործելու համար։
Մի՞թե 56 միլիարդն այն գումարն է, որը կարող է մեծ բան փոխել Հայաստանի տնտեսության վերազինման ու արդիականացման, մրցունակության ու դիմադրողականության բարձրացման առումով։ Անշուշտ՝ ոչ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսության արտադրողականությունն անհամեմատ զիջում է թուրքականին։
Սահմանի բացումը, եթե դա ուղեկցվի թուրքական շուկայում հայկական ապրանքների համար ազատ առևտրի հնարավորությունների ընձեռմամբ, անշուշտ, սկզբնական շրջանում որոշակի դրական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Կիրառվող սահմանափակումների ու բարձր մաքսատուրքերի հետևանքով, այսօր այդ շուկան պարզապես փակ է հայկական ապրանքների համար։ Պատահական չէ, որ հատուկենտ ապրանքներ են արտահանում Թուրքիա։
Անցած տարի արտահանման ծավալների կտրուկ աճ արձանագրվեց, բայց բացառապես մեկ ապրանքատեսակի՝ ոսկու արտահանման արդյունքում։ Դժվար է ասել, իհարկե, թե դա էլ ինչո՞վ էր պայմանավորված և ինչպե՞ս ստացվեց, որ այսքան ժամանակ հայկական ոսկին չէր արտահանվում Թուրքիա, անցած տարի հանկարծ նման հնարավորություն ստեղծվեց։
Հայկական ոսկու համար թուրքական շուկայում գուցե տեղ կա, բայց բազմաթիվ ապրանքներ այսօր զրկված են այդպիսի հնարավորությունից։ Կասկածից վեր է, որ զրկված են լինելու նաև սահմանը բացելուց հետո, որովհետև խնդիր ունեն մրցունակության առումով։
Ի տարբերություն Հայաստանի, թուրքական տնտեսությունն ու շուկան պաշտպանված են նաև այն ֆինանսական քաղաքականությամբ, որն իրականացվում է այս երկրում։ Քաղաքականություն, որը միտված է սեփական արտադրանքի արտահանմանը և խոչընդոտ է ներմուծման համար։
Հնարավոր արդյունքները, որոնք կարող է ստանալ Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի հետ սահմանի բացումից, շատ կարճատև է լինելու։ Դրա վրա հույսեր դնելը պարզապես անիմաստ է։ Թուրքիան երբեք իր սահմաններ չի բացելու ի շահ Հայաստանի տնտեսության։ Վկա օդային բեռնափոխադրումների արտոնումը։ Թուրքիան բացեց սահմանն օդային բեռնափոխադրումների համար, լավ իմանալով, որ դա ոչինչ չի տալու Հայաստանի տնտեսությանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ