«Էրդողանն ապտակեց ՀՀ իշխանություններին. պետք էր միայն ցավակցել Թուրքիային». Շավարշ Քոչարյան
Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ անհնարին է չտեսնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի քաղաքական բաղադրիչը:
«Կիպրոսն առաջարկել է օգնություն՝ Թուրքիան չի ընդունել: Եթե մարդասիրական է, ինչո՞ւ չես ընդունում: Ես կասկած չունեմ, որ եթե Արցախն էլ լիներ, էլի չէր ընդունելու: Լավ, Հայաստանը գնում է այդ քայլին, դրանից հետո Էրդողանն ասում է, որ դա կարող է նպաստել հարաբերություններին, դրանով նա ապտակ է հասցնում. քո քայլը մարդասիրական չէր: Բայց չէ՞ որ այս իշխանությունները շեշտը դնում են մարդասիրականի վրա: Դու այդ ապտակը ստացար: Քաղաքական բաղադրիչ է այն հանգամանքը, որ Արցախը շրջափակված է: Ի վերջո, ընդամենը երկու տարի է անցել, որ Թուրքիան ուղղակի մասնակցել է 44-օրյա պատերազմին, Էրդողանն էլ դա հայտարարում է: Պետք էր սահմանափակվել արժանապատիվ ցավակցական մեկ հայտարարությամբ, այլ ոչ թե միմյանց հրելով՝ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը… Կարծես ամեն մեկը փորձում է ապացուցել, որ ինքն ավելի հավատարիմ է Էրդողանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արտաքին գործերի նախկին փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մեկ նպատակ ունեն՝ փոխել Հայաստանի արտաքին կողմնորոշումը. «Դրա համար ի՞նչ խանգարող հանգամանքներ կան՝ Ռուսաստանի ներկայությունը և Արցախի խնդիրը: Ուրեմն՝ քայլ առաջին. պետք էր ինչ-որ ձևով ազատվել Արցախից, դրա ամենահարմար ձևը ծրագրավորված պատերազմն էր՝ ծրագրավորված պարտությամբ, ինչը արվեց: Բայց ռուսները թույլ չտվեցին, որ դա բերի Արցախի ամբողջական գրավման, որովհետև ինքը իր շահն ուներ և պահեց այն կտորը, որի առկայությունն իր համար արդարացում է, որ ինքն այնտեղ զորք ունենա: Ճիշտ այդպես Սահակաշվիլիի օրոք իրենց Օսեթիան և Աբխազիան խանգարում էին գնալ դեպի Եվրոպա, դեպի ՆԱՏՕ, և Սահակաշվիլին հենց Ռուսաստանի դեմ գնաց արկածախնդրության, պարտվեց, որից հետո ժողովուրդը իրենից հո չէ՞ր պահանջի, ասեր՝ գնա բեր: Հիմա սրանք նույնն են օգտագործում, ասում են՝ բա տեսա՞ք՝ Ադրբեջանն ու Թուրքիան միասին էին, հիմա ի՞նչ եք ուզում՝ պատերազմ հայտարարենք Թուրքիային և Ադրբեջանի՞ն»:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը դարձել է փորձադաշտ՝ տոտալիտար մտածողությամբ ազատական կենտրոնների համար. «Իրենք այդպիսին են պատկերացնում ամբողջ աշխարհը: Հիմա բացատրեմ: Ազատականության ծայրահեղ դրսևորումն է՝ ազատվել բոլոր հավաքական ինքնություններից՝ կրոնական, ազգային, գենդերային, պատմական և այլն, այն, ինչ մեզանում մենք տեսնում ենք: Իրենք մի փորձադաշտ են գտել, որտեղ դա իրականացնում են: Այս իշխանությունների մի մասը խփնված է այդ ազատականության վրա, և չեն գիտակցում դա: Այսինքն՝ այստեղ երկու բան պետք է դիտարկել՝ աշխարհաքաղաքական շահը, որտեղ այս իշխանությունն ունի աջակիցներ, քանի որ սրանք ամեն ինչ անում են, որ Ռուսաստանին դուրս մղեն, ինչը, առաջին հերթին, ձեռք է տալիս Թուրքիային: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել գլոբալ ազատականների շահերը, որոնց համար փորձադաշտ ենք»:
Օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը՝ հայտարարելով, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին արդյոք պատրաստվո՞ւմ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞ ոչ:
«Այս վարչապետ կոչեցյալի հայտարարությունն ընդհանրապես սպանիչ է: Ասում է՝ Ադրբեջանը մեղադրում է, որ ռուսները հայերի հետ պատրաստվում են Ադրբեջանի դեմ հարձակվել, դիտորդներն էլ գալիս են համոզվելու, որ դա այդպես չէ: Այսինքն՝ գալիս են ռուսներին վերահսկելո՞ւ: Դու, լինելով դաշնակցային հարաբերություններին մեջ մի պետության հետ, բերում ես հակադիր ճամբարին, որ վերահսկի քո դաշնակցին, այն էլ՝ այս լարված իրավիճակում: Ի՞նչ ասեմ, սա ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի սիրիականացում»,- Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ասաց Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ եթե Ռուսաստանին դուրս ես մղում, նրա տեղը լցվելու է Թուրքիայով, դրա համար ՀՀ իշխանությունները հաճոյանում են Թուրքիային:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում