Աշխարհաքաղաքական մրցակցություն է, թե որտեղ պետք է շարունակվեն ու ավարտին հասնեն հայ-ադրբեջանական բանակցությունները․ Լուկիանով
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Փաթելը փետրվարի 10-ի ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խափանելու մեջ:
Փաթելի խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն այդ վարչակազմի, այլև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին, մասնավորապես, վկայում են այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
«Եվ դա այն է, ինչի վրա մենք շարունակելու ենք կենտրոնանալ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին։ Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խարխլեցին Մինսկի խմբի ձևաչափով արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,- ասել է նա։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես «հավատարիմ է մնում խաղաղությանն աջակցելու ցանկացած ուղղությամբ փոխգործակցությանը, լինի դա երկկողմ հիմքի վրա, ԵՄ-ի մեխանիզմների, թե ԵԱՀԿ-ի միջոցով»։
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների:
«Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու և առանց որևէ նախապայմանի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված բնականոն ռեժիմը վերականգնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Իսկ փետրվարի 9-ին Երևանում էր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացով զբաղվող ռուս դիվանագետ Իգոր Խովաևը, ում այցի օրակարգի մասին, բացի հայկական հաղորդագրություններից, դեռ որևէ այլ մանրամասնություն չի հաղորդվում։
168.am–ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ վերջին շրջանում բանակցային գործընթացն անորոշության մեջ է այն առումով, թե որտե՞ղ պետք է շարունակվի, աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնի հովանու ներքո պետք է բանակցեն Երևանն ու Բաքուն։
Ըստ նրա, որքան էլ պնդումներ լինեն, թե կարևոր չէ՝ որտեղ են շարունակվելու բանակցությունները, դրանք տեղին չեն, քանի որ թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի համար այս պահին դա կարևոր հարց է։
«Մի քանի տարի առաջ իրավիճակն այլ էր, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում էին քիչ թե շատ կոնսենսուսի մթնոլորտում, առանձնապես չհակադրվելով ՌԴ բացառիկ դերակատարությանը։ Ներկայումս բոլոր մնացած ակտիվ խաղացողները խնդիր ունեն հենց այդ դերի հետ և պայքարում են դրա դեմ։
Իր կողմից՝ Մոսկվան փորձում է պահպանել հետպատերազմյան բանակցային օրակարգը՝ համաձայնեցված երեք հայտարարությունները, և շարունակել բանակցությունները, որոնք կարող են տանել Խաղաղության համաձայնագրի, Մոսկվայի հովանու ներքո, իսկ Վաշինգտոնը ձգտում է, որպեսզի դա տեղի չունենա Մոսկվայում, այլ տեղի ունենա Բրյուսելում կամ արևմտամետ մեկ այլ վայրում, սա արդեն կարևոր չէ, կարևորը, որպեսզի չլինի Մոսկվան։
Հենց սրանով էլ պայմանավորված են Մոսկվային ուղղված մեղադրանքները, որն անում է իր հնարավորություններին համապատասխան քայլեր։ Այսինքն՝ եթե ամփոփենք, ապա սա աշխարհաքաղաքական մրցակցություն է այն հարցի շուրջ, թե որտեղ պետք է շարունակվեն ու ավարտին հասնեն հայ-ադրբեջանական բանակցությունները, որը կկանխորոշի ռեգիոնի աշխարհաղաքական վեկտորը»,- ասաց Լուկիանովը։
Նա նշեց, որ ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ ռեգիոնից, սակայն պետք է հաշվի առնել նաև այն, որ Արևմուտքը մեծ գործիքակազմով է պայքարում Հարավային Կովկասում, և սա էական խնդիրներ է ստեղծում ռուսական դիվանագիտության համար առանց այն էլ բարդ փուլում։
«Կանխատեսումներ անելը չափազանց բարդ է, քանի որ այստեղ էական է թե հակամարտող երկրների ընտրությունը, թե նրանց առաջարկվողը, և թե ներքին տրամադրությունները»,- ասաց նա։