Զարուհի Նախշքարյանը սև ցուցակում է. չեն հանգստանա, քանի դատավորը պաշտոնավարում է. Սիրանուշ Սահակյան

«Մեզ համար արդեն բնականոն է դարձել Զարուհի Նախշքարյանի առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հանդես գալը: Մենք անընդհատ սպասում ենք կարգապահական վարույթների, որի վերջնանպատակը լիազորությունների դադարեցումն է: Անհասկանալի հայտանիշով Զարուհի Նախշքարյանը հայտնվել է գործադիր իշխանությունների սև ցուցակում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով դատավորի նկատմամբ հարուցված հերթական կարգապահական վարույթին:

Ըստ նրա՝ դատավորն աչքի է ընկնում նախաձեռնողականությամբ և դատական իշխանության համակարգային խնդիրները բարձրաձայնել է:

«Զարուհի Նախշքարյանը երկար ժամանակ բարձրաձայնել է դատավորների գերծանրաբեռնվածության խնդրի մասին, ինչպես նաև ինստիտուցիոնալ այլ փաստեր է ներկայացրել, որոնք պետք է շտկվեին դատաիրավական բարեփոխումների շրջանակում, սակայն, քանի որ գործադիր իշխանությունը ձախողել է դատաիրավական իրական բարեփոխումները, տեսնում ենք, որ դատական համակարգը չի բարելավվում: Ավելին, հանրության աչքում նսեմացնում են դատավորների դերը, ինչն անթույլատրելի է և երկրի կազմաքանդման առաջին հիմնաքայլերից է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Դատավորի ներկայացուցչի խոսքով՝ նրա նկատմամբ վարույթների առատության մյուս պատճառն այն է, որ Զարուհի Նախշքարյանը համարձակություն է ունեցել արդար դատական ակտեր կայացնել այնպիսի քաղաքացիական գործերով, որոնցով բավարարում չի տվել գործադիր իշխանության ներկայացուցիչների հայցերին:

Կարդացեք նաև

«Դրանք սովորական գործեր են եղել, ոչ կենսական նշանակության, բայց այդ գործերն առնչվել են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, արդարադատության նախկին նախարար, ներկայումս Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանին, որոնցով դատավորը հայցերը չի բավարարել, բայց դա թույլատրելի ելք է, և կարծում եմ՝ այդ դատական ակտերն ունեն բավարար հիմնավորվածություն: Սրա համար է Զարուհի Նախշքարյանը հայտնվել գործադիր իշխանության թիրախում, և նրանք չեն հանգստանա, քանի դեռ դատավորը պաշտոնավարում է»,- ասաց դատավորի ներկայացուցիչը:

Սիրանուշ Սահակյանը շեշտեց՝ դատավորի վերաբերյալ մեկ վարույթով նրան տրվել է խիստ նկատողություն, և այստեղ տեղ է գտել բացառիկ բնույթի դատավարական խախտում:

«Չգիտեմ՝ պատմության մեջ իրավական կամայականության նման դեպքեր արձանագրվե՞լ են, քան այդ միջադեպն էր, երբ առանց բավարար ձայների՝ հայտարարվել է խիստ նկատողություն: Այսինքն՝ օրենքը պահանջում էր, որ խիստ նկատողության օգտին քվեարկեր առնվազն 6 անդամ: Ձայները եղել են 5-ը, և դա փաստաթղթավորված է, և այդ 5 ձայնով ԲԴԽ-ն հայտարարել է խիստ նկատողություն»,- ասաց նա:

Բացի դրանից, ըստ նրա, ԲԴԽ-ն կոպտագույն կերպով խախտել է նաև քվեարկության կարգը, երբ առանց կարգապահական խախտման փաստը քննարկման առարկա դարձնելու՝ միանգամից քվեարկության են դրել կարգապահական տույժի տեսակն ընտրելու հարցը:

«Դրա համար, ես կարծում եմ, թեև խիստ նկատողությունը հայտարարված է, բայց այն առոչինչ է, և այդ առնչությամբ մենք ունենք նաև ընթացող դատական գործ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ շատ լավ հասկանում են իշխանությունները՝ իրենց առջև դրած խնդիրը ներկա կադրերի միջոցով լուծելի է:

Ըստ իրավապաշտպանի՝ այդ ճղճիմ խնդիրը լուծելու գինը թանկ է, և դա Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մարմնի և այնտեղ գտնվող անձերի հեղինակությունն է:

«ԲԴԽ-ից մեծ հաշվով արդար որոշման սպասում չունենք, սակայն մեր ռազմավարական խնդիրները լուծելու համար պարտավոր ենք հանդես գալ այս ատյանում, գործել խիստ պրոֆեսիոնալ, փաստարկված և հնարավորություն տանք ԲԴԽ-ին կայացնել որևէ որոշում, ինչպիսին որ կլինի պատվերը, որը որ բողոքարկելի է լինելու միջազգային ատյաններում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Վերջինիս խոսքով՝ ԲԴԽ ներկայիս կազմում բոլորն էլ խոցելի են, ենթարկվում են քաղաքական մեծ ազդեցությունների

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս