Բաժիններ՝

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» լավագույն միջազգային ֆիլմ է ճանաչվել իսպանական կինոփառատոնում

Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ժյուրին, հայտարարելով ընտրությունը, «Ավրորայի լուսաբացը» նկարագրել է որպես «արխիվների, անիմացիաների և գեղարվեստական գրականության միջոցով պատմված համոզիչ մի պատմություն՝ քիչ հայտնի ցեղասպանության մասին, որը լույս է սփռում և իրազեկում այսօրվա քաղաքական լարվածության ու մարտահրավերների մասին»։

«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորն ու սցենարիստն Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն: Ֆիլմն ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: (Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն)։

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս