«Արտաշատ մայրաքաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերված դրոշմակնիքների արխիվները հելլենիստական շրջանի դրոշմակնիքների ամենամեծ արխիվներից մեկն է աշխարհում»
Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջերս իմացա, որ Արտաշատ մայրաքաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերված են եղել դրոշմակնիքների հրաշալի արխիվներ։ Դրոշմակնիքը կավի կտոր է, որը դրվել է փաստաթղթի վրա (օրինակ՝ մագաղաթի) ու որի վրա էլ սեղմվել է կնիքը (սխեման տես նկարներում)։ Հետո 59թ․-ին հրդեհից փաստաթղթերն այրվել են, իսկ դրոշմակնիքներն ընդհակառակը՝ թրծվել ու հասել մինչև մեր օրերը։
Առաջին արխիվները հայտնաբերվել են դեռ 1979-80թթ․ պեղումների ժամանակ։ Արտաշատի բլուրներից 8-րդի վրա (բլուրները տես գուգլի նկարի վրա գծածս մոտավոր սխեմայում) հայտնաբերվել էին 20-ից ավել դրոշմակնիքները։ Իսկ 5-րդ բլուրի վրա հայտնաբերվել էին ավելի քան 8000 դրոշմակնիքներ, որից 6000-ը ամբողջական պահպանված։
Դրոշմակնիքներն ընդհանուր առմամբ պարունակում են 1035 ունիկալ պատկերներ (կատալոգը հրապարակվել է 2008թ․ Ժ․ Խաչատրյանի ու Օ․ Նևերովի գրքում՝ սև-սպիտակ լուսանկաների տեսքով)։ Արխիվն ընդգրկում է քաղաքի կազմնավորման սկզբից մինչև Կորբուլոնի արշավանքն ընկած ժամանակահատվածը (մ․թ․ա․ 180թ – մ․թ․ 59թ․)։
Արտաշատի այս արխիվը հելլենիստական շրջանի դրոշմակնիքների ամենամեծ արխիվներից մեկն է աշխարհում Սելևկիայի (100000), Դելոսի (20000) և Պաֆոսի (10000) արխիվներից հետո։
Հետագայում, 2013թ․ Արաքսի ափին գտնվող հատվածում (գուգլի նկարում «Գետամերձ հատված») հայտնաբերվել է 600 դրոշմակնիքից կազմված ևս մեկ հավաքածու։ Այս մի հավաքածուն էլ աչքի է ընկնում ժամանակային ընդգրկումով և ներառում է դրոշմակնիքներ մ․թ․ա․ 4-րդ դարից մինչև մ․թ․ 3-րդ դարն ընկած ժամանակաշրջանից․ ավելի քան 600 տարի։ Սա շատ մեծ ժամանակաշրջան է․ հայտնի մյուս արխիվները 100-150 տարվա ընդգրկում ունեն, հազվադեպ՝ 300-400 տարվա։ Ցավոք՝ այս հավաքածուն դեռ հրապարակված չէ (դրված չէ գիտական շրջանառության մեջ) ու, որքան հասկացա լուսանկարների այս հրաշալի նմուշները հենց այդ մի հավաքածուից են։
Բոլոր անհրաժեշտ հղումները մեկնաբանությամբ կդնեմ։ Հուսամ մի օր կհրապարակվեն նաև այս ամենի կատալոգներ բարձրորակ լուսանկարներով ու մեկնաբանություններով։ Ես հասկանում եմ, որ գիտական տեսակետից դա չի առաջնահերթը, բայց պոպուլյարիզացիան ու պիառն էլ կարևոր են։ Ի դեպ, որքան հասկացա Արտաշատի պեղումների ֆեյսբուքյան էջից ու արշավախմբի հրապարակած տարբեր հոդվածներից, այնտեղ հետաքրքրագույն գտածոների պակաս չկա»։
Վերջերս իմացա, որ Արտաշատ մայրաքաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերված են եղել դրոշմակնիքների հրաշալի արխիվներ։…
Posted by Վահագն Մխոյան on Saturday, February 4, 2023