«Ինչո՞ւ Սոչիի ու Պրահայի հանդիպումներից առաջ ադրբեջանական կեղծ բնապահպանները չկային». Արտակ Զաքարյան
Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին քննարկվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը: Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ելույթում ասաց, որ վերջին անգամ ԱԺ ամբիոնից խոսել է 5 տարի առաջ, երբ քննարկում էին ԶՈւ-ի արդիականացման, բարեփոխումների հավակնոտ մեծ ծրագրի հերթական փաթեթը։ Այդ ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ 5 տարի անց նույն դահլիճում կքննարկվի, թե ինչու է Արցախի ճանապարհը փակ։
«Բնականաբար, պետք է արձանագրել, որ վերջին տարիներին հանրային ու քաղաքական կյանքը Հայաստանում գլխիվայր շուռ է եկել և շուռ է տվել ամեն բան, այդ թվում՝ Արցախում։ Դրա մեղավորների ու այդ ամենի հետևանքների մասին մենք շատ ենք խոսել, կարծում եմ՝ կարիք չկա դրան լրացուցիչ անդրադառնալու։ Այն իրավիճակը, որի մեջ այսօր գտնվում են Արցախն ու Հայաստանը, ունեն հիմնական մեկ պատճառ՝ ՀՀ-ի վերջին 4 տարիների միտումնավոր սխալ, կեղծ, անհեռատես, քաղաքականապես տգետ, ներքաղաքականապես մորթապաշտ քաղաքականության հետևանք է։ Անսխալական իշխանություններ չկան, դրա օրինակները շատ են, բայց սխալների համակարգ և սխալների վրա կառուցել քաղաքականություն և շարունակել այսօր նույն կերպ՝ չունեն որևէ բացատրություն»,- նշեց Արտակ Զաքարյանը։
Արտակ Զաքարյանը մի քանի օրինակով հիշեցրեց անցյալ տարի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված քառակողմ հայտարարությունը և շեշտեց, որ որևէ մեկը ՀՀ իշխանությանը չէր խնդրել Պրահայում հանդես գալ քառակողմ մի հայտարարությամբ, որից հստակ երևում էր, որ Ադրբեջանն այն դարձնելու էր Հայաստանի համար ծուղակ։
«Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ մինչև Պրահայի ու Սոչիի հանդիպումներն ադրբեջանական կեղծ բնապահպանները գոյություն չունեին, չէին հայտնվել»,- շեշտեց Արտակ Զաքարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում