ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է բարձր տնտեսական աճի պայմաններում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Հարկ է նշել, որ պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի դեկտեմբեր ամսվա ցուցանիշներն անհայտ պատճառով դեռևս չեն հրապարակվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, այդ պատճառով դրանց վերլուծությանն անդրադարձ կկատարվի տվյալների հասանելի դառնալուց հետո։Այսպես՝

  • 2022թ. տնտեսական ցուցանիշները բավական տպավորիչ են, սակայն հիմնված չեն կայուն և տնտեսության ներուժը մեծացնող գործոնների վրա:Մասնավորապես, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ են գրանցվել մի կողմից` ՌԴ-ից դեպի ՀՀ մեծ քանակությամբ աշխատուժի և կապիտալի ներհոսքի, մյուս կողմից` ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում ՀՀ-ից վերարտահանման աննախադեպ աճերի արդյունքում: Սակայն պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք պայմանավորել են վերոհիշյալ հոսքերը, կարող են անսպասելիորեն փոխվել, ինչը կարող է փոխել նաև ՀՀ-ի համար բարձր տնտեսական աճի գործոնների դինամիկան՝ առաջացնելով տնտեսական աճի դանդաղում: Այս առումով, 2022թ. բարձր տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ-ը` 14.2%) չի կարող համարվել կայուն, ինչը պետք է հաշվի առնել հաջորդ տարիների պետական քաղաքականության մշակման ժամանակ:
  • Արդյունաբերության աճի տեմպը (դեկտեմբերին գրանցվել է բավական ցածր մակարդակում՝ կազմելով 2.7%) էականորեն զիջել է ընդհանուր տնտեսության աճի տեմպին, ինչը նշանակում է, որ արդյունաբերության կշիռը տնտեսությունում նվազել է:Սա նույնպես խոսում է 2022թ. տնտեսական աճի ոչ բավարար «որակի» մասին: Խնդիրն այն է, որ բարձր աճի շարժիչ ուժ հանդիսացող ոլորտները ծառայությունները և առևտուրն են, որոնք կայուն չեն, և դրական շոկերի չեզոքացման պարագայում (օրինակ՝ ՌԴ քաղաքացիների արտահոսքի կամ դրամական փոխանցումների նվազման դեպքում) կարող են կտրուկ անկում ապրել՝ տնտեսությանը թողնելով արդեն իսկ «թուլացած» ներուժով (փոքր արդյունաբերության կշռով) և նույնպիսի արտահանելի հատվածով, որը կորցնում է մրցունակությունը փոխարեժքի արժևորման հետևանքով:
  • Ֆինանսական համակարգում ավանդների և վարկերի դինամիկան նույնպես մատնանշում է տնտեսության ներուժի ոչ բավարար աճի մասին:Մասնավորապես, բանկային համակարգում 2022թ. էականորեն աճել են ձեռնարկությունների ավանդները, մինչդեռ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը նվազել է: Այս իրավիճակը խոսում է ներդրումային ակտիվության նվազման մասին, քանի որ ձեռնարկությունները իրենց ազատ միջոցները ներդնելու փոխարեն տեղաբաշխում են բանկերում, և նոր վարկեր չեն ներգրավվում: Իսկ ցածր ներդրումային ակտիվությունը միանշանակ բացասական գործոն է տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայունության տեսանկյունից:
  • Իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում, ինչը մի կողմից նշանակում է, որ տնտեսությունում ստեղծվող արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին, մյուս կողմից ցույց է տալիս, որ բարձր տնտեսական աճի պայմաններում, ՀՀ աշխատող բնակչության զգալի մասի կենսամակարդակը էապես նվազել է: Տնտեսությունում միջին անվանական աշխատավարձերը զգալի աճել են 2022թ.: Սակայն, միաժամանակ էական է եղել նաև գնաճը, ինչի արդյունքում իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում: Այսպես, իրական միջին աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում աճել է 6.4%-ով, մասնավոր հատվածում՝ 9.6%-ով, իսկ պետական հատվածում՝ նվազել է 4.0%-ով: Սա բավական մտահոգիչ է մի քանի պատճառներով: Նախ՝ եթե հաշվի առնենք, որ ՏԱՑ-ը, որն իրական աճի ցուցանիշ է, կազմել է 14.2%, ապա ակնհայտ է դառնում, որ իրական աշխատավարձերի աճը (ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր հատվածի) էապես զիջում է տնտեսությունում ստեղծվող արդյունքի աճին, ինչը նշանակում է, որ ստեղծվող լրացուցիչ արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես ուղղվելով շահույթների մեծացմանը և բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին: Մյուս կողմից, մտահոգիչ է պատկերը պետական հատվածում, որտեղ ներառվում են նաև ուսուցիչները և պետական հաստատություններում աշխատող բժիշկները: Այստեղ իրական աշխատավարձը նվազել է շուրջ 4.0%-ով: Այսինքն, բարձր տնտեսական աճի պայմաններում, ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.

 «ԼՈՒՅՍ» տելեգրամ ալիք

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս