Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումները «ոչ բարեկամ» երկրներին

Ռուսաստանում այսօր ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքի գների վերին շեմ սահմանած «ոչ բարեկամ» երկրներին նավթի մատակարարումների արգելքը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դեկտեմբերի 27-ի ստորագրված հրամանագրի համաձայն՝ արգելվում են ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումներն օտարերկրյա քաղաքացիներին և ընկերություններին, եթե պայմանագրերում «ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսվում Է գնի վերին շեմի սահմանման մեխանիզմի կիրառում»։ Այս մասին  տեղեկանում ենք  Deutsche Welle պարբերականի ռուսական ծառայությունից:

Սահմանափակված արժեքով նավթի արտահանումը թույլատրվում է միայն ՌԴ նախագահի թույլտվությամբ։ Արգելքը կգործի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը։ Նավթամթերքի մատակարարումների արգելքի գործողության ժամկետները կորոշի կառավարությունը։

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում դեկտեմբերի 5-ից գործում է ծովով արտահանվող ռուսական նավթի գնի վերին շեմը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում: Արևմուտքի երկրները նավթի գնի վերին շեմ են սահմանել, որպեսզի դժվարացնեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումը և միևնույն ժամանակ նավթի մատակարարումների դադարեցում և դրա համաշխարհային գների թռիչք թույլ չտան:

Գների վերին շեմը նշանակում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները և Եվրամիությունը ռուսական նավթամթերքի հետ կապված ապահովագրական և ֆինանսական ծառայություններ կտրամադրեն միայն այն դեպքում, եթե դրանք գնվել են առավելագույն սահմանված գնով կամ դրանից ցածր գնով:

Լրատվամիջոցը նշում է, որ գների վերին շեմի սահմանումից հետո ռուսական նավթի շուկան դարձել է ,խիստ անթափանցե։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը ստիպված է նավթը վաճառել մեկ բարելի դիմաց 47 դոլարով, սակայն դրա իրական գինը, փորձագետների գնահատումներով, պետք է կազմի 70-75 դոլար մեկ բարելի դիմաց:

Տեսանյութեր

Լրահոս