ՄԻՊ-ի դե յուրե և դե ֆակտո ղեկավարման խառնաշփոթը. անտերությո՞ւն, թե՞ օրենքի չիմացություն

Արդեն 9-րդ օրն է՝ ՀՀ-ն չունի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ): Ազգային ժողովի (ԱԺ) աշխատակազմը տեղեկացրել է բոլոր խմբակցություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկական թեկնածու առաջադրելու մասին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իրազեկել է, որ այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել։

Վաղը օրենքով սահմանված ժամկետի վերջին օրն է, և, ըստ էության, վաղը պետք է որ պարզ լինի՝ ով է փոխարինելու իր պաշտոնն այլ աշխատանքի համար լքած, Հյուսիսային համալսարանում մի երկու տարի իրավաբանական կրթություն ստացած, իր պաշտոնավարման վերջին շրջանում, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, ակտիվորեն ֆրանսերենը կատարելագործող Քրիստիննե Գրիգորյանին:

Կարդացեք նաև

Մինչ այդ ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջում և կայքում Պաշտպանը դեռ Քրիստիննե Գրիգորյանն է: Տարածվում են հաղորդագրություններ, և 168.am-ը փորձեց հասկանալ՝ օրենքով վերապահված ի՞նչ լիազորությունների շրջանակում է դա արվում:

Ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի՝ Պաշտպանի հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարը: Տվյալ դեպքում դա ՄԻՊ նախկին աշխատակից, Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգական, այժմ ֆինանսների նախարարի մամլո խոսնակ Ռոնա Ահարոնյանի ամուսինն է՝ Վլադիմիր Հովհաննիսյանը, ով անմիջապես Քրիստիննե Գրիգորյանի՝ իր պաշտոնը ստանձնելուց հետո դարձել է քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար: 

Կան լիազորություններ, որոնք ՄԻՊ բացակայության դեպքում կարող է իրականացնել ՄԻՊ-ին փոխարինողը, բայց կան լիազորություններ, որոնք կատեգորիկ արգելվում է իրականացնել նրան փոխարինողին՝ օրինակ, Սահմանադրական դատարան դիմելը, հրապարակային զեկույցներով հանդես գալը, պետական մարմիններից պարզաբանումներ պահանջելը և այլն: Եվ սա նույնպես սահմանված է օրենքով, նույն 14-րդ հոդվածի 3-րդ կետով:

Իրականում, իհարկե, արդարացված է տարիքով ավագ դեպարտամենտի ղեկավարին ՄԻՊ փոխարինող նշանակելու դրույթը, որովհետև դեպքեր կան, որ անհրաժեշտ է անհապաղ արձագանքում, ու որպեզի ՄԻՊ-ի հեռանալուց հետո կառույցը չպարալիզացվի, պետք է, որ ինչ-որ մեկը կոորդինացնի աշխատանքները:

Ինստիտուտը պետք է աշխատի: Օրինակ, ենթադրենք՝ ոստիկանական որևէ բաժանմունքում կամ ՔԿՀ-ում մարդ են ծեծում, կոնկրետ իրավունք է խախտվում, և որպեսզի կարողանան գնալ, տեղում տեսնել՝ ինչ վիճակ է, անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը կազմակերպի այդ աշխատանքները: Այսինքն՝ ՄԻՊ-ին փոխարինողը կարող է զուտ կազմակերպական բնույթի հարցեր լուծել:

Սակայն, ինչպես նշեցինք, լիազորություններ կան, որոնք ինստիտուտին են վերաբերում, սահմանադրական բնույթի են և ՄԻՊ-ի սահմանադրական պաշտոնի հետ՝ անխզելիորեն կապված: Հետևաբար՝ դա չի կարող իրականացնել ոչ Մարդու իրավունքների պաշտպանը: Որովհետև հնարավոր է՝ նոր Պաշտպանը հիմնովին փոխի հայտարարությունների ոճը, տերմինոլոգիան, աշխատանքի տրամաբանությունը:

Հիմա ՄԻՊ կայքում ու ֆեյսբուքյան էջում Քրիստիննե Գրիգորյանի՝ որպես ՄԻՊ-ի լիազորությունների դադարեցումից հետո հրապարակվում են տվյալներ, գրառումներ:

Օրենքում կա դրույթ, որ ՄԻՊ-ը հասարակական հնչեղություն ունեցող առանձին դեպքերի, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ կարող է հանդես գալ արտահերթ զեկույցներով: Դրանք կարող են լինել նաև հայտարարություններ, որոնք ոչ այլ ինչ են, քան արտահերթ զեկույցներ՝ իրենց բովանդակությամբ:

Կարճ ասած՝ զեկույց՝ չի նշանակում 50 էջանոց փաստաթուղթ, և մի էջանոց հայտարարությունն էլ կարող է լինել զեկույց կամ հաղորդում:

Այսինքն՝ այն, ինչ հիմա անում է ՄԻՊ-ին փոխարինող Վլադիմիր Հովհաննիսյանը, սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է: Ինքն այդ լիազորությունները չունի:

ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը, ինչպես նշեցինք, դեռ Քրիստիննե Գրիգորյանի լուսանկարով է հանդես գալիս, և սա այն դեպքում, երբ վերջինիս լիազորությունները իր հրաժարականի վերաբերյալ դիմումը երկու օր անընդմեջ կրկնելուց հետո Ազգային ժողովը (ԱԺ) դադարեցրել է հունվարի 24-ին: Սա պրոբլեմ է, և թեպետ տեխնիկական բնույթի, սակայն բովանդակային կողմի վրա նույնպես ազդող: Քրիստիննե Գրիգորյանը կամ այն մարդիկ, ում ինքը թողել է այնտեղ, և ովքեր դե ֆակտո ղեկավարում են ՄԻՊ-ը, պետք է հաշտվեն այն իրողության հետ, որ իրենց դարաշրջանն այդ անկախ սահմանադրական կառույցում, որի արժեքն այդպես էլ չգիտակցեցին, ավարտված է:

ՄԻՊ-ն անձնավորված պաշտոն է, ՄԻՊ հաղորդագրությունները տարածվում են Պաշտպանի, այլ ոչ կառույցի անունից, և քիչ տեղեկացված ու օրվա լրահոսին չհետևող մարդկանց մոտ դեռ կարող է ընկալում լինել, որ հենց Քրիստիննե Գրիգորյանն է ՄԻՊ-ը: Այսպիսով, շփոթություն է ստեղծվում՝ կապված սահմանադրական ինստիտուտի հետ:

Հուսանք՝ ամեն դեպքում ՄԻՊ-ում օրենքներ կարդում են, հատկապես՝ իրենց վերաբերող օրենքը, և թեպետ կառույցում հիմա, ինչպես ասում են, շունը տիրոջը չի ճանաչում, հասկանում են՝ ինչ է նշանակում լիազորությունների վերազանցումը:

Տեսանյութեր

Լրահոս