Մեծ Բրիտանիայում կանցկացվի խոշորագույն գործադուլը վերջին տասնամյակի ընթացքում
Մեծ Բրիտանիայում այսօր կանցկացվի վերջին տասնամյակի խոշորագույն գործադուլը: Աշխատավարձերի բարձրացման պահանջով կարող Է բողոքի դուրս գալ մինչև կես միլիոն մարդ: Բողոքի ակցիաները կիրականացնեն տարբեր ոլորտների հարյուր հազարավոր աշխատողներ։
Գործադուլավորների հիմնական խումբը ներկայացնելու են կրթության ոլորտի աշխատակիցները. ավելի քան 300 հազար ուսուցիչներ Անգլիայում և Ուելսում պիկետ կանցկացնեն՝ աշխատավարձի բարձրացում պահանջելով երկրում ճգնաժամի պայմաններում։
Սա կդառնա պատմության մեջ մանկավարժների ամենամեծ գործադուլը, որը կվերաբերի ավելի քան 23 հազար դպրոցի: Նրանց կմիանան բրիտանական 150 համալսարանների 70 հազար աշխատակիցներ։
Sky News-ը, վկայակոչելով անցկացված հարցման տվյալները, նշում է, որ ծնողների 62 %-ն աջակցում է ցույցի անցկացմանը՝ չնայած դա անդրադառնում է նրանց երեխաների դասապրոցեսի վրա: Բացի այդ, այսօր Բրիտանիայում ցույցի դուրս կգան առնվազն 100 հազար քաղաքացիական ծառայողներ. սա պետական հատվածի խոշորագույն գործադուլը կդառնա երկար տարիների ընթացքում:
Գործադուլը կիրականացնեն 123 կազմակերպությունների աշխատակիցներ, այդ թվում՝ բազմաթիվ նախարարություններից, կառավարական գերատեսչություններից, գործակալություններից և վարչություններից: Ցույցեր կկազմակերպեն նաև տրանսպորտի ոլորտի տասնյակ հազարավոր աշխատակիցներ, մասնավորապես՝ մեքենավարներ ASLEF արհմիությունից և RMT արհմիության անդամներ՝ 14 երկաթուղային ընկերություններից: Տրանսպորտի ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիաներին Լոնդոնում կաջակցեն ավտոբուսների շուրջ 1900 վարորդներ։
Մեծ Բրիտանիայում գործադուլների ալիք է դիտվում ռեկորդային գնաճի ֆոնին: Բողոքի են դուրս գալիս երկաթուղային ընկերությունների աշխատակիցներ, փաստաբաններ, օդանավակայանների աշխատակիցներ, փոստատարներ և այլ ոլորտների աշխատողներ։