«Հիվանդանոցներ կան, ծխատարներ չունեն». ակցիայի մասնակից
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցվում է: Պատճառն այն է, որ տնտեսվարողը տեսչության արձանագրած 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:
«Պայքարելու ենք մինչև վերջ: Սա հացի, գոյության խնդիր է: Մեր երկիրն այսօր այն վիճակում չէ, որ այսքան ժողովրդին աշխատանքով կարողանան ապահովել: Չեն ասում, որ բոլոր պայմաններն այստեղ ապահովված են, բայց կարելի է ժամանակ տալ, ընդհանուր հայտարարի գալ: Ավելի գլոբալ հարցեր կան, որ մեր կառավարությունը չի կարողանում կարգավորել: Ասել են՝ հարկային դաշտ մտեք՝ մտել ենք, հաշվիչը դրեք՝ դրել ենք: 30 տարվա կառույց է, տեխնիկա չի եղել, որ բերեին, սարքեին: Ինձ չի թվում, որ ծխատարը հիմնական հարց է, որ դրա համար կարելի է այսքան մարդու «վիզը կտրել»; Մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ կան, որ չունեն այդ ծխատարները»,- ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը: