Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով – խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։
«Իրականացվել է մարդասիրական բեռով մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։
Ստեփանակերտի մանկական վերականգնողական կենտրոնում անցկացվել է սննդի տրամադրման մարդասիրական ակցիա:
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: