Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը կոռուպցիայի օջախ է. անանուն միլիոնավոր դոլարներ են նվիրվում, որովհետև Փաշինյանը վարչապետ է. Էդգար Ղազարյան
Հունվարի 24-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային եռօրյա այցով գտնվում էր Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում. 3 օրերի ընթացքում Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել՝ ինչպես Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրենի, այնպես էլ՝ երկրի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ։ Քննարկվել են Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ալեն Սիմոնյանից առաջ Հայաստանի պաշտոնյաներից մեկ էլ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն էր այցել Կատար։
«Կատարը բացարձակ միապետություն է՝ իշխանության թևերի միջև վերահսկողություն գոյություն չունի։ Կատարում չկա մի մարդ, որն էմիրին կարող է հարցնել, թե որտեղի՞ց են գալիս այս կամ այն ֆինանսական միջոցները։ Զարմանալի է, որ հայ-կատարական համագործակցություն մինչև հիմա որևէ ոլորտում չի եղել, և հենց այս իշխանությունն է սկսում նման համագործակցություն ծավալել։ Հիշենք, որ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն էր, որ Կատար այցելեց պատերազմից հետո: Եվ երբ համադրում ես ականապատ տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին փոխանցման ժամանակաշրջանն Արմեն Սարգսյանի Կատար այցի ժամանակաշրջանի հետ, ամեն ինչ պարզ է դառնում»,- ասաց Ղազարյանը։
Ի դեպ, 2022-ի հունիսին Կատարի պետություն էր այցելել նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը:
Ուստի համադրելով այս բոլոր այցերը՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ հիմա Արմեն Սարգսյանի և Փաշինյանի այցերին հաջորդում է Ալեն Սիմոնյանի այցը Կատար և խոսվում է ներդրումների մասին՝ ինչ-ինչ հիմնադրամների միջոցով։
«Ես ենթադրում եմ, որ որևէ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանը կարող է իր «Սոկար» ընկերության միջոցով 1 միլիոն դոլար ներդնել Կատարի ներդրումային հիմնադրամում, որի ղեկավարի հետ հանդիպել էր Սիմոնյանը, և այդ փողը կարող է ծախսվել նաև այստեղ»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով՝ բացառապես իշխանափոխության դեպքում է, որ կբացահայտվեն այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք թաքնված են այս իշխանությունների կատարյան և ոչ միայն այդ այցերում։
Ըստ Ղազարյանի՝ այս իշխանության գործունեության դեպքում առավել քան արդիական է կոռուպցիայի և թալանի մասին ահազանգ հնչեցնելը, որովհետև այնպես, ինչպես թալանում է Փաշինյանի իշխանությունը, չի արել, ըստ Ղազարյանի, Հայաստանի որևէ այլ իշխանություն։
«Իրենց արած թալանի ծավալները բազմապատիկ են. նման թալան, որն առկա է այս 4 տարվա ընթացքում, երբևէ չի եղել։ Օրինակ, «Իմ քայլը« հիմնադրամը տեղով կոռուպցիոն օջախ է։ Այդ հիմնադրամը ստեղծվել է Փաշինյանի՝ իշխանություն դառնալուց հետո, այն դեպքում, երբ Փաշինյանն ու նրա կինը բարեգործություն կոչվածի հետ երբեևէ կապ չեն ունեցել։
Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանը դառնում է վարչապետ, կինը բացում է հիմնադրամ, որի հաշվին կուտակվում են անանուն միլիոնավոր դոլարներ. նշեմ, որ այդ հիմնադրամի վերաբերյալ չկան նաև հաշվետվություններ, որ բացես և հասկանաս, թե այդ միլիոններն ինչի վրա են ծախսվել։ Պարզ է, որ այդ հիմնադրամի նվիրաբերությունները պայմանավորված են Փաշինյանի վարչապետ լինելու հանգամանքով, որովհետև դժվար է պատկերացնել մեկին, որը այդ հիմնադրամին նվիրատվություն աներ, եթե Փաշինյանը վարչապետ չլիներ»,- ասաց Ղազարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում