Բաժիններ՝

Մալաթիա տոնավաճառի փակ մնալը կախված է ընկերության տնօրինությունից. Տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։

Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը 168.am-ի հարցին, թե որքա՞ն ժամանակ է փակ մնալու Մալաթիայի տոնավաճառը, պատասխանեց. «Մալաթիա տոնավաճառի փակ մնալը կախված է ընկերության տնօրինությունից: Որքան շուտ կատարվեն համապատասխան շտկումները, բնականաբար, այդքան շուտ կվերաբացվի տոնավաճառը»:

Մեր հաջորդ հարցին, թե նախքան փակելն էլի ստուգում և զգուշացում եղե՞լ է, և հիմնականում ի՞նչ խնդիրներ են արձանագրվել, Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը հայտնեց, որ 2021 թ․ ստուգում է իրականացվել, հայտնաբերվել են խախտումներ, ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրան տրվել է խախտումների վերացման կարգադրագիր՝ 1 տարուց ավելի ժամկետով, որպեսզի ամբողջությամբ վերացնի արձանագրված խախտումները։

«Արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների և կանոնների բազմաթիվ խախտումներ: 2021 թ․ ստուգումից հետո Մալաթիա տոնավաճառի տնօրինությանը տրվել էր արդեն կարգադրագիր՝ սահմանելով հստակ ժամկետ։ Տնօրինությունը շուրջ մեկ տարի և ավելի ժամկետ է ունեցել շտկելու և համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։ Աշխատանքները կատարվել են մասնակի։ Տեսչական մարմնի կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրություն է կատարվել և խախտումների վերացման ուղղությամբ իրենց աշխատանքը գնահատվել է ոչ բավարար և Տեսչական մարմնի կայացրած որոշումը թողնվել է անփոփոխ՝ դադարեցման որոշումը մնացել է ուժի մեջ»,- մանրամասնեց Ելենա Զոհրաբյանը:

Կարդացեք նաև

Փակման պատճառների մասին հայտնել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից՝ տեղեկացնելով, որ ստուգումների արդյունքում հանրային օբյեկտը ճանաչվել է հրդեհավտանգ:

Ի դեպ, տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հունվարի 26-ին 168.amին տված հարցազրույցում ասել էր, որ 2022-ի հոկտեմբերին տեսչական մարմնից այցելել են տոնավաճառ և 17 խախտում արձանագրել, իսկ 1 ամիս անց կրկնակի այցի ժամանակ արձանագրել են, որ խախտումների մեծ մասը վերացվել է: Այդուամենայնիվ, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկացրել են, որ ստուգումների արդյունքում հանրային օբյեկտը ճանաչվել է հրդեհավտանգ, և փետրվարի 1-ից տոնավաճառը չպետք է գործի։

Տեսանյութեր

Լրահոս