«Օրերի հարց է՝ Արցախի պայքարը տեղափոխվելու է նաև Հայաստան». Հակոբ Հակոբյան

«Արդեն 46 օր է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ: 120 հազար բնակչություն, որից 30 հազարը՝ երեխաներ, արդեն 46 օր զրկված են տարրական կենցաղային պայմաններից, տեղաշարժման հնարավորությունից՝ դեպի Հայաստան, և կարծես թե այս ամենը գնալով ավելի սաստկանում է, ավելի մեծ խնդիրներ են առաջանում: Եթե որոշակի ժամանակ Արցախը կարողանում էր իր ունեցվածքով, պահուստներով դիմակայել, ապա հիմա այդ պահուստներում էլ են խնդիրներ առաջանում: Եթե դրան էլ գումարվում է նաև Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորության խափանումը և գազի մատակարարման դադարեցումը, ապա ձմռան այս օրերին նման բլոկադայի մեջ գտնվելը շատ ավելի մեծ ջանքեր և ճիգեր է պահանջում, որպեսզի կարողանանք դիմակայել»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ Արցախի բնակչությունը բավականին ըմբռնումով է մոտենում այս իրավիճակին՝ հասկանալով, որ սա պայքար է հանուն հայկական պետականությունների և հայի լինելիության. «Այս միտքն է, որ այսօր ուժ է տալիս Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու: Մենք հասկանում ենք, որ սա հայ-ադրբեջանական 30 տարվա հակամարտության շարունակությունն է, որը ներկայումս ստացել է այսպիսի ձևաչափ: Մենք բոլոր հասկանում ենք, որ պատերազմը շարունակվում է, իսկ մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած տեսակի դժվարության և պատերազմի, քանի որ սեփական հողում ապրելու, իրացրած ինքնորոշման իրավունքը պահպանելու նպատակը մեզ համար ավելի բարձր է, քան այն դժվարությունները, որոնք այսօր տեսնում ենք: Ողջ բնակչությունը հիմնականում ունի այս գիտակցումը, որը նաև մեզ այսօր օգնում է դիմանալ այս զրկանքներին»:

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, թե   Բաքվի պլանն է Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները:

Հակոբ Հակոբյանը նկատեց, որ 2018թ. սկսած հասկանալի չէ, թե ինչ նպատակներ ունեն ՀՀ իշխանությունները ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես՝ ՀՀ-ի հետ կապված. «Շատ ցավալի է, որ 46 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի պարագայում ՀՀ վարչապետը խոսում է ոչ թե իր սեփական նպատակների մասին, այլ թշնամի պետության ղեկավարի նպատակների մասին: Սա այն համատարած անգործությունն է, որի մասին բազմիցս խոսել ենք: ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ ենթարկվում են թշնամի պետության ռազմաքաղաքական ղեկավարության նպատակներին: Տեղին կլիներ, որ մենք այսօր լսեինք, թե ինչ նպատակներ, ինչ գործուն քայլեր պետք է նա կատարի: Ինչ վերաբերում է արցախցու՝ իր հայրենիքը լքելուն, ապա մենք բազմիցս ասել ենք՝ մեզ ոչ ոք թող չվախեցնի պատերազմով, մենք չենք հրաժարվելու մեր նպատակից, որ մեզ ոչ մի զրկանք չի կարող բերել այնպիսի մի վիճակի, որ մենք հրաժարվենք մեր նպատակներից: Որևէ զրկանք, որևէ ուժի կիրառման սպառնալիք չի կարող արցախցուն պոկել իր հայրենի հողից»:

Կարդացեք նաև

Նա շեշտեց. «Այն, որ վաղուց Նիկոլ Փաշինյանն իր գաղափարների, մտքերի մեջ Արցախը հանձնել է Ադրբեջանին, այստեղ երկրորդ կարծիք չկա: Միևնույն ժամանակ այն, որ Արցախը հանձնելով Ադրբեջանին՝ մենք բացում ենք Հայաստանի վերացման ծրագիրը, դա էլ որևէ կասկածի չի ենթարկվում: Դրա համար, կարծում եմ, որ անկախ նրանից, թե ինչ է ասում Փաշինյանը, Արցախում կա պայքար, Արցախում կա հայի ոգի, որը պատրաստ է պայքարել: 30 տարի շարունակ արցախցին երբեք չի պայքարել միայն Արցախի համար. արցախյան գոյամարտը եղել է ողջ հայության, հայկական պետականության համար պայքար: Արցախը արդեն իսկ պայքարում է: Օրերի հարց է՝ Արցախի պայքարը տեղափոխվելու է նաև Հայաստան: Չի՛ կարող հայը բաց աչքով նայել, թե ինչպես են կործանվում իր զույգ պետականությունները: Սա շատ արագ վերափոխվելու է մեծ ազգային փողափոխության և ձևավորվելու է ազգային մեծ նոր իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու Նիկոլ Փաշինյանը և նրա պես մտածող անձինք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս