Իտալական պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի դեսպանի և իտալացի պատգամավորների քննարկմանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցով
Իտալական L’Espresso պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Պատգամավորների պալատի Արտաքին հանձնաժողովի պատգամավորները Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Ասլանովին հրավիրել են Իտալիայի խորհրդարան, որպեսզի տեղեկություններ ստանան Լաչինի միջանցքի շրջափակման մասին։
Հոդվածագիրը նկատում է, որ Ադրբեջանի դեսպանը, նույնիսկ չսպասելով հարցերի՝ հիշեցրել է, թե որքան կարևոր է էներգետիկ համագործակցությունը ադրբեջանական մեթանի հետ, որը TAP գազատարով հասնում է Պուլիայի ափեր:
«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան Պատգամավորների պալատում, հստակ բացատրում է, թե Իտալիայի համար ինչ է նշանակում էներգետիկ կախվածություն ոչ այնքան ժողովրդավարական պետություններից։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների օրը, Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Ասլանովը մոտ տասը րոպեի ընթացքում բազմաթիվ զրույցներ է վարել խորհրդարանականների, ինչպես նաև մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ՝ նախօրոք ներկայացնելով փաստերի իր տարբերակը, պատասխաններ տալով՝ նախքան հարցեր ստանալը և առաջին հերթին հիշեցնելով բարեկամ իտալացիներին, թե որքան կարևոր է էներգետիկ համագործակցությունը ադրբեջանական մեթանի հետ, որը TAP գազատարով հասնում է Պուլիայի ափեր»,- ասվում է հոդվածում:
Իտալական պարբերականը հիշեցնում է, որ ավելի քան 120,000 հայերը, ովքեր ապրում են ճանաչում չստացած Արցախի Հանրապետությունում՝ հայտնվել են թակարդում, սովի մեջ՝ առանց սննդի, դեղորայքի, հույսի։
«Երեկ Պատգամավորների պալատը լսել է Հայաստանի դեսպանին, այսօր հերթը հասավ ադրբեջանցի գործընկերոջը, որն անշուշտ, ուրախ չէր, որ ստիպված էր արդարացնել իր իշխանությանը բարեկամ/գնորդ իտալացիների առջեւ»,- ընդգծել է հոդվածի հեղինակ Կառլո Տեչչեն:
Հոդվածագիրը շեշտել է, որ ըստ մեթանի հոսքերի վերաբերյալ Nomisma ընկերության հաշվարկների՝ Ռուսաստանից գազի ներկրման անկումը փոխհատուցել է հատկապես Ադրբեջանը. Բաքուն այն հասցրել է 10,2 միլիարդ խորանարդ մետրի՝ 3 միլիարդով ավելի, քան 2021 թվականին:
«Այսօր ադրբեջանական ներդրումները համարժեք են ռուսականին, և հեռանկարում դրանք կարող են արագ աճել»,- ընդգծել է հեղինակը: