«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել են համատեղ գործողությունների հնարավորությունները
Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության և Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի համագործակցության շրջանակներում հունվարի 23-ին, շուրջ 20 կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հումանիտար ճգնաժամի ռիսկերը Արցախում և Հայաստանում» կլոր սեղան-քննարկում՝ միջազգային հարթակներում շահերի պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ
Նախաձեռնությանը ներկա էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Կլոր սեղանի նպատակն է միջազգային ցանցերի մաս կազմող տեղական հասարակական կազմակերպություններին և համահայկական կառույցներին ներկայացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյուններից, ինչպես նաև քննարկել շահերի պաշտպանության և համատեղ գործողությունների հնարավորությունները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կլոր սեղանի շրջանակներում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո իրականացված փաստահավաք առաքելությունների արդյունքները, համաձայն որի՝ խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց Արցախի բնակչության կյանքի Ճանապարհի՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակման հետևանքները։ Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ «Էկոակտիվիստների» կողմից, բայց իրականում` ադրբեջանական կառավարության կազմակերպմամբ ճանապարհը փակելուց հետո 120 հազար քաղաքացիական բնակչության կյանքն Արցախում ուղղակի դարձել է անհնար: Ադրբեջանական իշխանությունները դադարեցրել են գազամատակարարումը, նրանք թույլ չեն տալիս վերանորոգել էլեկտրական մալուխները, արդեն ունեցել են փորձ՝ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է դեղերի հասանելիությունը:
Քննարկվեցին ազգային մակարդակում և միջազգային հարթակներում շահերի պաշտպանության միասնական ռազմավարության և համատեղ գործողությունների հնարավորությունները, ուրվագծվեցին հետագա քայլերը: